Շուրջ 50 միլիոն դրամ․ մեկ անձից գնման եղանակով հերթական պայմանագիրն ու լուսանկարչական փառատոն կազմակերպող «Ջազի հայկական ասոցիացիա»-ն
Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման եղանակով հերթական պայմանագիրն է կնքել օրերս։ Պայմանագիրի առարկան հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված լուսանկարչական փառատոնի կազմակերպումն է։
Մատակարար կողմը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն է եղել, որը, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացված պայմանագրի, Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակում միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցումը կազմակերպել է 50 միլիոն 055.000 դրամով։
Իսկ թե ինչո՞ւ է «Ջազի հայկական ասոցիացիան» կազմակերպել լուսանկարչական փառատոնը՝ հարցը դեռևս բաց է։
Ի դեպ, 2015 թվականից հիմնադրված և Կամո Մովսեսյանի նախագահությամբ գործող այս ասոցիացիան 2022 թվականից պետգնումներում է՝ շնորհիվ Երևանի քաղաքապետարանի։
Ըստ armeps հարթակում հանրայնացված պայմանագրերի՝ Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով ևս 2 պայմանագրով այս ասոցիացիային 2022, 2024 թվականներին պատվիրակել է նաև Ջազի միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառման իրականացման ծառայությունները՝ պայմանագրի գինը 39 միլիոն 774.000 դրամ, և մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ՝ 30 միլիոն դրամով։