Քաղբանտարկյալների ազատ արձակում և էթնիկ հայերի՝ ԼեռնայինՂարաբաղ վերադառնալու երաշխավորված իրավունք․ ԵԺԿ կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) կոնգրեսը «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձև է ընդունել։ Բանաձևը հեղինակել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միրիամ Լեքսմանը (Սլովակիա) և Ռասա Յունկևիչենեն (Լիտվա)։ Ներկայացնում ենք բանաձևի տեքստն ամբողջությամբ։

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) բարձր է գնահատում Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ վերջերս ընդունված օրենքի արդյունքները, որով մեկնարկ է տրվել Հայաստանի ԵՄ-ին անդամակցության գործընթացին։ Այս քայլը վերահաստատում է հայ ժողովրդի առկա հանձնառությունը երկրում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը ամրապնդելու հարցում և սահմանում է հստակ ուղի դեպի ԵՄ-ի հետ ավելի խորը ինտեգրում։ Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում անընմեջ քաղաքական երկխոսությունը և բարեփոխումները շարունակում են մնալ կարևորագույն գործիքներ՝ Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու համար՝ ապագա անդամակցության հեռանկարով։ Հիշեցնենք երկրի ներսում եվրոպական ամենաբարձր չափանիշները պահպանելու անհրաժեշտության մասին՝ վկայակոչելով ԵԺԿ-ի 2023 թվականի նոյեմբերի 13-14-ի քաղբանտարկյալներին աջակցելու վերաբերյալ բանաձևը։

Հայաստանի Եվրոպական Ուղին

ԵԺԿ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել առաջընթացը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման գործում, ներառյալ ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում ձեռքբերումները, միաժամանակ ձգտելով ավելի սերտհ ամագործակցության ԵՄ անդամպետությունների հետ։ 2024 թվականի օգոստոսին հայտարարված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության կասեցումը և վերջերս Հայաստանի եվրոպական ուղին ստանձնելու մասին օրինագծի ընդունումը նշանավորում են երկրի աշխարհաքաղաքական ռազմավարության  պատմական տեղաշարժ և եվրոպական ինտեգրման գործընթացին հետագա մասնակցելու նվիրվածության հստակ նշաններ են։

Այս շրջադարձային պահը արտացոլում է Հայաստանի պատրաստակամությունը՝ անջատվելու Կրեմլի ուղեծրից և հետապնդելու եվրոպական արժեքներին համահունչ ապագա։ ԵԺԿ-ն ճանաչում է տեսլականային քայլերը, որոնք ուրվագծում են սուվերեն, անվտանգ և ժողովրդավարական ապագա՝ անկախ նախկին կայսերական կախվածություններից։

Մենք լիովին աջակցում ենք մեր տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման ջանքերին՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) կախվածությունը նվազեցնելու նպատակով, և մենք ողջունում ենք Հայաստանում քաղաքացիական առաքելության (ՀԵՄԱ) մանդատի երկարաձգումը՝ որպես երկրում խաղաղության և անվտանգության խթանիչ։ ԵԺԿ-ն նաև ողջունում է ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը՝ որպես երկրի ԵՄ-ի հետ ինտեգրման հաջորդ փուլ, որն անմիջականորեն բարելավում է երկու կողմերի միջև միջանձնային շփումները։ ԵԺԿ-ն ողջունում է Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցելու որոշումը և խրախուսում է ԵՄ անդամ պետություններին շարունակել այս աջակցությունը։

Հարևանների հետ հարաբերություններ

ԵԺԿ-ն ողջունում է Հայաստանի կառավարության վերջին ջանքերը՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Հայաստանը շարունակում է ցուցաբերել կառուցողական և առաջադեմ մոտեցում՝ ներգրավվելով Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության մեջ՝ երկու երկրների միջև հարաբերությունները առանց նախապայմանների լիովին կարգավորելու տեսլականով։ Հայաստանը նաև շարունակել է մասնակցել Ադրբեջանի հետ շարունակական խաղաղության բանակցություններին՝ չնայած 2023 թվականի ռազմական հարձակումից և Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո առաջացած մարտահրավերներին։ Հիշեցնենք մնացած ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակման անհրաժեշտության մասին։ Վերահաստատենք էթնիկ հայերի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու երաշխավորված իրավունքը։

Այս քայլերը արտացոլում են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության նկատմամբ անկեղծ նվիրվածությունը։

Քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը և տարածաշրջանում մշակութային, կրոնական և քաղաքացիական իրավունքների համար ամուր երաշխիքների ստեղծումը կդիտարկվի որպես երկխոսության հաջորդ բնական փուլ, որը նաև կծառայի որպես երկրների միջև երկարաժամկետ համագործակցության խորացման անկյունաքար։ Սակայն երկարատև առաջընթացը կախված կլինի փոխադարձ բարի կամքից և բոլոր երկրների անկեղծ ու կառուցողական երկխոսության պատրաստակամությունից։

ԵԺԿ-ն նաև ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հավակնոտ նախաձեռնություն է, որի նպատակն է Հայաստանը վերածել տարածաշրջանային կապի, տնտեսական աճի և խաղաղ համագործակցության կենտրոնի։ Կապելով Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը՝ նախագիծը բարձրացնում է Հայաստանի ռազմավարական արժեքը որպես ԵՄ-ի կայուն գործընկեր և նպաստում է տարածաշրջանային լարվածության թուլացմանը։

Տեսանյութեր

Լրահոս