
«Իրանի նախագահն ասում է այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը». Կարեն Իգիթյան

Երեկ՝ ապրիլի 28-ին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահի հրավերով մեկնել էր Բաքու, որտեղ կայացել էր երկու երկրների նախագահների հանդիպումը՝ սկզբում՝ նեղ, այնուհետև՝ ընդլայնված անձնակազմով։
Ալիևի հետ հանդիպման ընթացքում Իրանի նախագահն անդրադարձել է տարբեր հարցերի, այդ թվում՝ Արցախին, հայտարարելով, թե «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, և Իրանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Փեզեշքիանն այս այցից հետո X-ում գրառում է կատարել՝ նշելով.
«Երեկ Բաքվում մենք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք և փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս ուղևորությունը վստահության ամրապնդման և գիտական, տնտեսական, մշակութային և պաշտպանական համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է»։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը խոսելով Իրանի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության վերաբերյալ արված հայտարարության մասին, նկատեց՝ Իրանի նախագահի հայտարարությունը որևէ բանով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից։
«Իրանի նախագահն ուղղակի կրկնեց Արցախի Հանրապետության վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։ Իրանի նախկին դիրքորոշումներն Արցախի հարցի վերաբերյալ կապված են եղել այն իրավիճակի հետ, որը կար նախկինում։ Հետևաբար, այսօր Իրանի նախագահն ասում է այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց Կարեն Իգիթյանը՝ արձագանքելով այն քննադատություններին, որոնք երեկվանից հնչում են Իրանի նախագահի հասցեին։
Մեր զրուցակիցն այս հանդիպումից կարևոր մեկ հանգամանք առանձնացրեց՝ ո՛չ իրանական, ո՛չ ադրբեջանական կողմն որևէ կերպ չեն խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Փոխարենը՝ խոսել են առանձին «միջանցքի» մասին, սակայն՝ Իրանի տարածքով։
««Զանգեզուրի միջանցքի» մասին թեզը, որն Ադրբեջանը շատ ակտիվ քարոզում է, այցի ժամանակ շրջանցվել է։ Մինչ այս հայտարարությունները, Իրանի նախագահը հարցազրույց էր տվել ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը՝ հստակ շեշտելով, որ «չպետք է աչք դնել ուրիշի տարածքի վրա, պետք է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը և սահմանները»։ Այս հայտարարությունը վերաբերում է կոնկրետ Հայաստանին ու Ադրբեջանին։ Ադրբեջանին հստակ ասաց, որ նախկինում սատարել են նրան՝ իր տարածքային ամբողջականությունը, հիմա սատարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իրանի նախագահի ասածն ընդհանուր առմամբ հետևյալն է. Ասում է՝ եթե Ադրբեջանն Արցախի հարցում հասել է այս արդյունքին, իսկ ՀՀ դե ֆակտո ղեկավարն էլ հաստատել է այդ արդյունքը, մենք բան չենք ասում, բայց «կարմիր գծերը», որոնք Իրանը գծել է Սյունիքի հարցում՝ պարտադիր պետք է պահեն»,- շեշտեց փորձագետը։
Նա նաև նշեց՝ Իրանի նախագահի հայտարարությունը, թե իրեն Ադրբեջանում հյուր չի զգում, կարող է մտահոգություններ առաջացնել Բաքվում։
«Իրանի նախագահն ասաց՝ Բաքվում իրեն հյուր չի զգում, քանի որ ունեն ընդհանուր անցյալ, ընդհանուր մշակույթ։ Հետաքրքիր է, որ թուրքախոս լինելով՝ ասել է, որ որքան փնտրել է թուրքերենով Նիզամի Գյանջևիի բանաստեղծությունները, չի գտել, որովհետև նա պարսկերեն է գրել։ Սա կարևոր ուղերձ է Ադրբեջանին, քանի որ նրանց ազգը կառուցելու քաղաքականության մեջ Նիզամի Գյանջևին կարևոր դեր է խաղում»,- ընդգծեց Կարեն Իգիթյանը։
Մեր զրուցակիցը նաև իրատեսական չի համարում, որ ՀՀ իշխանությունը կարող է ակտիվացնել իր քաղաքականությունն Իրանի հետ՝ հաշվի առնելով նրա դերը Սյունիքի հարցում։