Դե մի հատ Ալիևի մռթին էկե՛ք. Սաֆարովի պապան խոսում է ռազմական հանցագործներից. Նաիրա Զոհրաբյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ դուրս եկած խռովարար եպիսկոպոսները՝ «Կճոյան&company»-ն, շատ վաղուց պիտի կարգալույծ արված լինեին։ Այսպիսի կարծիք հայտնեց 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Հայ Առաքելական Եկեղեցու հետապնդումների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում հարուցելու թեմայի շուրջ։

«Այս պահին եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում շարունակվում է։ Ես չգիտեմ՝ ի՞նչ օրակարգ ունի Վեհափառը։ Մնում եմ այն կարծիքին, որ պիտի շատ վաղուց կարգալույծ արված լինեին չակերտավոր «սրբազանները»՝ «Կճոյան & company»-ն։ Եթե ինչ-որ «սրբազաններ» դուրս են գալիս Մայր Աթոռի դեմ, ոտնահարում են ոչ միայն Եկեղեցու կանոնները, այլև որպես ՀՀ քաղաքացի՝ ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, նրանք ոչ միայն տիրադավ պիտի հռչակվեին, այլև պիտի բանադրվեին։ Ես հույս ունեմ, որ եպիսկոպոսաց ժողովը ոչ միայն կարգալույծ կհռչակի «Կճոյան, Միրզախանյան & company» և մյուս տիրադավներին, այլև պիտի բանադրի նրանց, նրանք պատմության մեջ պիտի մնան՝ որպես նզովյալներ և բանադրվածներ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա ապշած է, թե ինչպես կարելի է հանուն քաղաքական շահերի այսպես նվաստացնել սեփական երկիրն ամբողջ աշխարհի աչքի առաջ.

Կարդացեք նաև

«Ինչ որ արվում է Եկեղեցու դեմ՝ «օդում կախված լուրերի» մակարդակով է, որը սկսվել է շատ երկար տարիներ առաջ այս ռեժիմի ներկայացուցիչների տարբեր գործունեության ընթացքում։ Ըստ «օդում կախված լուրերի»՝ «մանկապիղծներ կան», ըստ «օդում կախված լուրերի»՝ «եկեղեցիները չուլաններ են», ըստ «օդում կախված լուրերի»՝ «Վեհափառն ուզում է գողանալ Մայր Աթոռի գանձերը և ընդհանրապես, Մայր Աթոռը տեղափոխել չգիտեմ՝ որ երկիր»։

Սրանք հայտարարություններ են, որոնք այժմ քննարկվում են միջազգային տարբեր լրատվականներում, մենք ամբողջ աշխարհով դարձել ենք զավեշտի առարկա, և միակ երկիրը՝ Հայաստանում «նիկոլիզմ» աղանդի հետևորդներից բացի, որը ցնծությամբ է ընդունել, և սպասում են՝ երբ է կալանավորելու Վեհափառին, մեկ էլ Ադրբեջանն է։ Բացեք ադրբեջանական մամուլը՝ թոփ թեման Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործն է և ծափահարությունները Նիկոլին՝ երբ է անելու հաջորդ քայլը, երբ է կալանավորելու Վեհափառին։ Գիտեք, սեփական քաղաքական շահերի ու դրսից թելադրված օրակարգը սպասարկելու համար այսքան իջեցնել սեփական երկիրը ու սկսել քացով խփել սեփական երկրին՝ ես ուղղակի չեմ պատկերացնում»:

Այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի չափազանց պատասխանատու հայտարարությունը ռուսական ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որ մեր եկեղեցում կա 4-5 բարձրաստիճան հոգևորական, որոնք «խրված են» մանկապղծության հետ կապված իրավիճակներում։

«Ալեն Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաընկերությանը կատաստրոֆիկ, շատ «պատասխանատու» հայտարարություն է արել։ Լրագրողի ճշտող հարցին՝ «Դուք խոսում եք Ձեր հոգևորականների մեջ մանկապիղծների մասի՞ն», նա ճշգրտել է՝ ասելով, թե՝ այո՛, խոսքը մի 4-5 հոգու մասին է։

Սա լրջագույն հայտարարություն և լրջագույն մեղադրանք է։ Ես սպասում եմ, բա մի հատ կանչե՛ք Ալեն Սիմոնյանին։ Ես՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, ուզում եմ իմանալ՝ իմ Եկեղեցում ովքե՞ր են մանկապիղծ հոգևորականներ։ Եթե դա հենց ընենց հայտարարություն է, ապա հենց ընենց արած հայտարարության հեղինակը պիտի կանչվի պատասխանատվության։ Նման հարթակում նման բան հայտարարելուց հետո, որ ընդհանրապես խայտառակ ենք եղել ամբողջ աշխարհով մեկ, պիտի ներկայացվեն կոնկրետ փաստեր»,- նշում է Նաիրա Զոհրաբյանը։

Նրա կարծիքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը կարող է հաղթել գործող իշխանությանը միայն խոշոր միավորումների դեպքում։

Նրա խոսքով՝ հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի ընտրությունն այնպիսի ընտրություն է, որից կախված է՝ Հայաստան կլինի՞, թե՞ ոչ։

Զոհրաբյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմին արտաքին լիակատար աջակցության և այդ թվում՝ Փաշինյանի ռեժիմի հանդեպ Ռուսաստանի «պոզիտիվ լոյալության» պայմաններում ընդդիմության գործը շատ դժվար է, բայց անհնար չէ։

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «Հականիկոլ» ճամբարի բոլոր այն ուժերին, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ստորագրել հուշագիր այն մասին, որ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն է։

Ազգային ժողովի նախկին պատգամավորը շատ վտանգավոր է համարում Նիկոլ Փաշինյանի նախորդ շաբաթվա հայտարարությունը լրագրողների հետ ճեպազրույցում, թե ինքը գիտի՝ ինչ է զգում, ինչ է մտածում մեր ժողովուրդը, և եթե չիմանար, չէր կարող հայտնվել ՀՀ վարչապետի պաշտոնում 2018-ին և 2020 թվականի պատերազմից հետո՝ 2021-ին.

«Սա շա՛տ վտանգավոր և զազրելի հայտարարություն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ինքը գիտեր, սիրելի հայրենակիցներ, որ դուք ուզում եք, որ Արցախը հանձնվի, դրա համար հանձնեց Արցախը, ինքը գիտեր, որ դուք ուզում եք, որ թուրքը գա և նստի Սյունիքում, Վայոց ձորում, Ջերմուկում, Սև լճի վերևը, դրա համար արեց այդ ամենը, ինքը գիտեր, որ ձեր երազանքը Կիրանցի պատն է՝ որպես անվտանգության երաշխիք, դրա համար հանձնեց Տավուշի բնակավայրերը, ինքը գիտեր, որ դուք ուզում եք, որ Պրահայում ինքն ասեր՝ Արցախը Ադրբեջան է, և վերջ, և ասաց, թեև նա մտածում էր, որ Արցախը Հայաստան է, և վերջ, և դրա համար էր 2019 թվականին դա ասել, բայց քանի որ նա ընտրվել է ձեր կողմից՝ որպես պաշտոնյա, ինքը հիմա անում է այն, ինչ դուք ուզում եք։ Սա զազրելի վտանգավոր հայտարարություն է՝ տեղի ունեցած ողջ ողբերգությունները, հայադավությունը և ապագա հայադավությունները ժողովրդի՝ ինչ-որ տեղ միամիտ, ինչ-որ տեղ մոլորված, բայց ինչ-որ տեղ նաև շատ հետևողականորեն «նիկոլիզմ» աղանդը պաշտպանողների գրպանը գցելու նպատակով»։

Բաքվի բռնապետի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շրջանի հայտարարությունների և այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահի կողմից հայ գերիների ազատ արձակման հարցը Բաքվում բարձրացնելու և France 24-ին հետ հարցազրույցում Ալիևի պատասխան մեկնաբանության ու Բաքվի դատարանում ցմահ կամ առնվազն 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Նյուրնբերգում դատապարտված նացիստական հանցագործների հետ համեմատելու վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես նշեց. «Աբսուրդ է։ Ռազմական հանցագործը, տարիներ շարունակ ռազմական հանցագործություններ արածը, անմեղ արցախցու գլուխը կտրածը, մեր զինվորների, գլխատված զինվորների գլուխներով ֆուտբոլ խաղացողը, Ռամիլ Սաֆարովի պապան էսօր խոսում է ռազմական հանցագործներից և նյուրնբերգյան դատավարությունից՝ Բաքվում ընթացող ֆարսը ներկայացնելով՝ որպես «Բաքվի Նյուրնբերգ»։ Բայց այն, որ Ալիևը շարունակում է մեզ անվանել «ֆաշիստ», նույնը դա ասել է՝ նայելով իմ աչքերի մեջ Բաքվում՝ Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ, և, բնականաբար, պատասխան ստացել է թե՛ ինձնից, թե՛ մեր պատվիրակությունից։

Ինչպե՞ս կարող է Ալիևը խոսել ռազմական հանցագործություններից կամ ատելությունից, երբ Բաքվի մանկապարտեզում հայատյացություն են սերմանում 2-3 տարեկան երեխաների մեջ… և այսօր ով է մեզ մեղադրում «ֆաշիստ» լինելու մեջ և այսօր ով է Բաքվի խայտառակությունը ներկայացնում որպես «Նյուրնբերգ ֆաշիզմի, ծայրահեղականության և ռազմական հանցագործությունների դեմ»։ Հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել»։

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջի մասին նաև հավելեց. «Ալիևը Մյունխենում հայտարարեց, որ այս հարցում Ադրբեջանի և Հայաստանի միջև կա փոխըմբռնում։ Բա որ հայտարարում եք՝ չկա նման բան, մենք մեր Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չենք փոխի, դե մի հատ Մյունխենում իր ասածի մռթին էկե՛ք»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս