ՄԹ դեսպանն ու ռազմական կցորդը հանդիպել են կիբերպաշտպանության միջազգային զորավարժության հայ և բրիտանացի մասնակիցների հետ

Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը շարունակում են խորացնել համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով Defence Cyber Marvel 2026 զորավարժությանը, որը միավորում է ավելի քան 2500 մասնակից 29 երկրներից. այս մասին նշված է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը և ՄԹ Պաշտպանության կցորդ Թոմաս Շորլենդ Բոլը այցելել են զորավարժության վայր, որտեղ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները համատեղ աշխատել են՝ զարգացնելու կիբերպաշտպանության կարողությունները և փոխանակելու մասնագիտական փորձը։

Դեսպանը հանդիպել է Հայաստանի և ՄԹ մասնակիցների հետ, հետևել զորավարժության ընթացքին և քննարկել կիբերդիմակայունության կարևորությունը ներկայիս փոփոխվող անվտանգության միջավայրում։

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմից զորավարժությանը մասնակցում էին Պաշտպանության նախարարության, Տեղեկատվական համակարգերի գործակալության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։

«Այսպիսի զորավարժությունները նպաստում են վստահելի գործընկերությունների ձևավորմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և մեր ընդհանուր հանձնառությանը՝ ամրապնդելու անվտանգությունն ու դիմակայունությունը։Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում զարգացող համագործակցությունը»,-ասված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս