
Ժամանակն է` մեր մեջ նորոգենք նոր մարդուն. Այսօր Կրկնազատիկն է

Կրկնազատիկ է` Գունագեղ կիրակիների շղթայի սկիզբը։ Դիմավորում ենք Սուրբ Հարության ավետիսով առաջին կիրակին:
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, հիշեցնելով առաքյալի խոսքերը, պատգամում է. «Ժամանակն է դեն նետելու հին մարդուն ու մեր մեջ նորոգելու նոր մարդուն, նրան, ով պետք է մտնի հավիտենականություն»:
Սուրբ Հարության տոնից հետո քրիստոնյայի ուղին շարունակվում է կիրակիների մեկ այլ շղթայով: Գունագեղ կիրակիները, Հինունքը կամ Հինանց օրերը տևում են 50 օր, մինչև Հոգեգալուստ: Այս շրջանում հիշատակվում են քառասուն օրերը, որոնք Քրիստոս անցկացրեց Իր աշակերտների հետ Հարությունից հետո: Հաջորդող օրերը Համբարձման տոնի շարունակությունն ու փառաբանությունն են։
Սուրբ Հարության տոնից հետո առաջին կիրակին կոչվում է Կրկնազատիկ կամ Նոր կիրակի, քանի որ կրկնակի ազատության օր է:
«Քրիստոս մեզ ազատեց մեր մեղքերից՝ Իր Առաջին գալստյամբ, սակայն մեր մարմինը դեռ գտնվում է կրքերի ազդեցության ներքո: Այժմ նշվում է մարմնական մեղքերից ազատվելու անհրաժեշտության մասին: Զատվե՛նք, ազատվե՛նք մեղքից ̀ հոգևոր ու մարմնական: Առաջին անգամ Քրիստոս մեզ հարություն տվեց Իր Հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի մեզ հարություն է տալու ըստ մարմնի, և մեռելներից հարություն առնելով՝ պիտի անմահանանք,- օրվա խորհուրդը ներկայացնում է Տեր Բաբկենը:
Նոր կիրակիի խորհուրդն ամբողջությամբ նորոգված լինելն է։ Օրը քրիստոնյաներին հիշեցնում է ավետարանական դրվագը, երբ Քրիստոս Հարությունից հետո կրկին Վերնատանը հայտնվեց առաքյալներին։ Տերը, երևալով աշակերտներին, նրանց հաստատեց Հարության հավատի մեջ, իսկ երկրորդ անգամ երևաց, որպեսզի փրկի Թովմասին թերահավատությունից։
Ըստ Աստվածաշնչի՝ Հարության կիրակի, երբ Քրիստոս հայտնվեց իր աշակերտներին, Թովմասը նրանց հետ չէր: Երբ նրան փոխանցեցին Հարության ավետիսը, առաքյալը պնդեց, որ կհավատա այն ժամանակ, երբ Տիրոջ ձեռքերի վրա տեսնի մեխերի նշանը և մատները դնի մեխերի տեղը, ձեռքը Նրա կողին դիպչի:
Հաջորդ անգամ, երբ աշակերտները հավաքվել էին Վերնատանը, Տերը հայտնվեց ու դիմելով առաքյալին` ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛» (Հովհաննես 20:27):
Առաքյալը բացականչեց. «Տե´ր իմ և Աստված իմ»: Հոգևորականը հիշեցնում է ավետարանական հայտնի խոսքը. «երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան» (Հովհաննես 20:29):
Մինչև չհավատանք, հարուցյալ Քրիստոսին չենք տեսնի։ Մարդիկ հաճախ փնտրում են ապացույցներ, սակայն, երբ հավատում ենք, ապացույցներ փնտրելու կարիք չկա:
Մեր մեջ նոր մարդուն նորոգելու ճանապարհին, հոգևորականը հույս ունի, որ կկարողանանք կատարել Քրիստոսի տված կարևոր պատվիրանը ̀ սիրել: