Դիկտատուրա հաստատող Փաշինյանը գնում է մոնոպոլիաների ստեղծման. դրանք կառավարելի են. Նաիրի Սարգսյան

«Շատ ճիշտ են անում Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող տնտեսվարողները, որ բարձրաձայնում են իրենց պարտադրված լուծումների ծանրագույն հետևանքները. բարձրաձայնումը, սակայն, բավարար չէ, որովհետև այս Կառավարության հետ այլևս երկխոսելն անհնար է, հետևապես՝ լուծումները նրանց պետք է պարտադրվեն կոշտ միջոցներով, այդ թվում՝ հնգօրյա գործադուլների միջոցով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող տնտեսվարողների խնդրի մասին, նման տեսակետ հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Նա շեշտեց՝ կառավարությունը պետք է վերանայի հարկային այս քաղաքականությունը, հաշվարկ կատարի այս կամ այն գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ, վերանայի նախատեսված հարկային շեմերը։

«Առհասարակ պետք է որոշումները կայացվեն տնտեսվարողների հետ խորհրդակցելու արդյունքում, իսկ ի՞նչ ենք տեսնում, տեսնում ենք խնդիր, ինչը հետևանք է նրա, որ Կառավարությունը որոշումներ է պարտադրել այդ որոշումների շահառուներին՝ առանց քննարկումներ ունենալու այդ շահառու խմբերի հետ»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ արդյոք այդ պարտադրված որոշումը հետևանք չէ՞ Փաշինյանի այն հայտարարությանը, որ շրջանառության հարկն ապապետական է և թույլ չի տալիս բիզնեսմեններին զարգանալ, Նաիրի Սարգսյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Իսկ Նիկոլ Փաշինյանը կյանքում բիզնես արած կա,՞ որ մի հատ էլ խորհուրդ տա, թե ի՞նչն է խոչընդոտում բիզնեսին, ի՞նչը՝ ոչ»։

Նա ընդգծեց, որ բոլոր այն խոստումները, որոնք այս Կառավարությունը տվել է փոքր և միջին բիզնեսը զարգացնելու հարցում, տապալվել են հենց այդ նույն Կառավարության ձեռքով։

«Հարկային բեռի ավելացում, հարկային տեռոր, վարկերի անհասանելիություն, աշխատակազմի ներգրավման բարդություններ. սրանք բոլորը տանում են փոքր և միջին բիզնեսների տապալման։ Կառավարության նպատակը ՓՄՁ ոլորտի տապալումն է, որպեսզի դրանից հետո զարկ տա խոշորների զարգացմանը, որովհետև խոշոր բիզնեսները կառավարելի են»,- ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության նախագահը՝ ընդգծելով, որ ՓՄՁ ոլորտի տապալման հետևանքով ՀՀ Կառավարությունը կզրկվի 15 միլիարդ դրամ հարկային հավաքագրումից, 55.000 բիզնես կհայտնվի փակման եզրին։

«Փաշինյանը քաղաքական համակարգը տանում է դիկտատուրայի։ Փոքր և միջին ձեռնարկությունների փակումը հանգեցնում է մոնոպոլիաների առաջացման։ Եթե իշխանությունը գնում է դիկտատուրայի հաստատման, չի կարող տնտեսական դաշտը դրան չհամապատասխանեցնել։ Հետևապես՝ Փաշինյանին պետք է, որ այդ 55.000 տնտեսվարողը դառնան կառավարելի, ինչի վերջնարդյունքը, կրկնում եմ, լինելու է քաղաքական դաշտում մոնոպոլիաների հաստատումը»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս