
Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել, տարածք չեմ խնդրել, առաջադրվելու որոշում դեռ չունեմ. Շահրամանյան
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր և դժվար որոշում կայացնելու փուլում և օրեր անց պետք է իրենք որոշում կայացնեն՝ ինչ ճանապարհով են իրենք շարժվելու: Իրենց հետ քննարկել եմ նաև իմ տարբերակները և նորից իմ աջակցությունը հայտնել: Այս մասին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի հետ հանդիպելուց հետո ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել: Սկզբնական շրջանում ես տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախագահների հետ հանդիպումներ ունեցել եմ: Ունեցել եմ հանդիպում և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է Արցախի նախագահը:
Խոսելով արցախցիների սոցիալական աջակցության դադարեցման մասին՝ Շահրամանյանն ասաց. «40+10 հազար աջակցությունը դադարեցնելը կնշանակի, որ հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցներում: Չեն ունենա հնարավորություն բնակարաններ վարձել և շարունակել մինիմալ պայմաններում ապրել»:
«Արցախցիների հավաքական վերադարձը դա միջազգային իրավունք է: Դա պիտի մնա օրակարգում և մենք իրավունք ունենք արժանապատիվ, անվտանգ վերադարձ ապահովելու:
Այդ նպատակով Արցախի Աժ-ի կողմից ստեղծված է հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը և ես կարծում եմ, որ էֆեկտիվ աշխատանքներ են իրականացնում»:
Խոսելով Արցախի ներկայացուցչության դեմ տեղի ունեցած ակցիայից՝ Շահրամանյանն ասաց, որ ակցիայից հետո խոսել է Սամվել Բաբայանի հետ և նա նրան տեղեկացրել է, որ նա կապ չունի ակցիայի հետ:
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունները ձևավորած քաղաքացիները: Մենք այո, ունենք մեր դիրքորոշումները, բայց այս պահին ես ճիշտ չեմ գտնում ասել: Որպես Արցախի պաշտոնյա, ես այս պահին կոռեկտ չեմ համարում իմ դիրքորոշումն ասել»,-ասել է Շահրամանյանը: