Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան արդյունավետ են համարում Ուկրաինայի հարցով Լոնդոնի բանակցությունները

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան արդյունավետ են համարում ապրիլի 23-ին Լոնդոնում Ուկրաինայի շուրջ կայացած բանակցությունները: Այս մասին ասվում է բանակցությունների արդյունքների շուրջ երեք եվրոպական երկրների համատեղ հայտարարության մեջ:

«Այսօրվա բանակցություններն արդյունավետ էին և հաջող, և զգալի առաջընթաց է գրանցվել հետագա քայլերի վերաբերյալ միասնական դիրքորոշման հասնելու գործում», – ընդգծվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ փաստաթղթի՝«բոլոր կողմերը համաձայնել են շարունակել սերտ համակարգումը և առաջիկայում հետագա բանակցությունների հույս են հայտնել»։

Բացի այդ, երեք երկրների հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր կողմերը «վերահաստատել են իրենց ամուր աջակցությունը» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությանը՝ «դադարեցնելու սպանությունները և հասնելու արդար և կայուն խաղաղության»:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ապրիլի 23-ին Լոնդոնում պետք է կայանար Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել էր իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա։

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվայի հետ փոխըմբռնման է հասել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում և այժմ նպատակադրված է նույն արդյունքին հասնել Կիևի հետ։

Տեսանյութեր

Լրահոս