
«Զանգեզուրի միջանցքը» մարգինալ պրոյեկտ է դառնում. Տարասովը՝ միջանցքի և Կրեմլի քաղաքականության փոփոխությունների մասին

««Զանգեզուրի միջանցքը» կորցնում է իր ակտուալությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի պահանջին և այս հարցի առնչությամբ ՌԴ դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանն անխոչընդոտ և անժամկետ կապ պետք է ունենա Նախիջևանի հետ:
«Հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ի հավելում՝ Ադրբեջանը հատուկ մոտեցում է պահանջում մեր երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի ապահովման հարցում։ Նման բան գոյություն չունի, երբ մի երկրի տարածքը բաժանված է երկու մասի։ 2020 թվականին Հայաստանն անխոչընդոտ հաղորդակցության պարտավորություն է ստանձնել, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ կապը պետք է լինի անխոչընդոտ, որևէ խոչընդոտ չպետք է լինի։ Եվ դա այնպիսի պարտավորություն պետք է լինի, որ ապագայում Հայաստանի օրենսդրության հնարավոր փոփոխություններն այդ իրավիճակի վրա չազդեն ոչ կարճաժամկետ, ոչ միջնաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ կտրվածքով»,- հայտարարել էր Բայրամովը։
Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ վերջերս Սամարկանդում ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ժամանակ ուշագրավ որոշումներ կայացվեցին միջինասիական երկրների կողմից, որոնք որոշակի նոր աշխարհաքաղաքական ուղղություններ ցույց տվեցին:
Ըստ նրա, Ուզբեկստանը, Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ղրղըզստանը հրաժարվեցին պաշտպանել Հյուսիսային Կիպրոսի հարցի վերաբերյալ բանաձևը (Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել էր համատեղ հռչակագիր, որում կողմերը հաստատել էին հավատարմություն բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, մասնավորապես հաստատելով իրենց աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի № 541 (1983) և № 550 (1984) բանաձևերին, որոնք դատապարտում են չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հռչակումը՝ կոչ անելով մյուս երկրներին չճանաչել այն։- Ա.Մ.): Նա նաև նշեց, որ Եվրոպական հանձնաժողովը դադարեցրել է Միջին Ասիայից Ադրբեջան ու Եվրոպա գազային պրոյեկտների ֆինանսավորումը:
«Հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ այնտեղ՝ Միջին Ասիայում, բավականին ազդեցիկ ու ակտիվ քաղաքականություն է վարում Չինաստանը, որը փորձում է աշխատել Միջին Ասիայով, քանի որ Միջին Արևելքը, Մերձավոր Արևելքը, որոնց շարքում Թուրքիան է, գտնվում է բիֆուրկացիոն փուլում և Միջին միջանցքը Զանգեզուրով սկսում է կորցնել ակտուալությունը, սկսում է հակասել ներկայիս աշխարհաքաղաքական հեռանկարներին ու միտումներին: Չինաստանը հաղորդակցությունները կառուցում է Միջին Արևելքով, շատ հնարավոր է հարավով անցնի հաղորդակցություն՝ Միջին Ասիա, Աֆղանստան, և հնարավոր է Ռուսաստանով նաև, եթե Պուտինն ու Թրամփը պայմանավորվեն: Այդ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կարևոր էր Միջին Ասիայի համար, քանի որ նրանք պատրաստվում էին տեղափոխել հանածոները, իսկ հիմա Միջին Ասիան սկսում է Եվրոպայի ուղղությամբ քաղաքականություն վարել, փոխվում է ամեն բան: Ուստի «Զանգեզուրի միջանցքը» դառնում է մարգինալ պրոյեկտ»,- ասաց Տարասովը:
Թեև, նրա խոսքով՝ օրերս ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի զանգը Ռուբինյանին ցույց է տալիս, որ գուցե Ռուսաստանը հետաքրքրված է դրանով ու փորձում է նպաստել հայ-թուրքական կարգավորմանը:
«Սակայն կասեմ, որ ընթանում է աշխարհաքաղաքական գործընթաց առանց հստակության, ընթանում է բառային դիվանագիտություն, անընդհատ վերադասավորումներ ու փոփոխություններ, հստակություն չկա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՌԴ դիրքավորմանը, ապա, Տարասովի խոսքով, Ռուսաստանի համար կարևոր է կոմունիկացիան, ելքը դեպի Թուրքիա:
«Դա կարող է ընդլայնել մեր ելքը Թուրքիայով դեպի Եվրոպա, դա տարբերակներից մեկը կարող է լինել, բայց՝ ոչ գլխավորը: Գլխավոր ուղղությունը ներկայումս Իրանն է, Ռուսաստանի ու Իրանի ելքը դեպի Միջերկրական ծով և Միջին Ասիայով, Աֆղանստանով դեպի Հնդկաստան, հաղորդակցությունները տեղափոխվում են դեպի Արևելք: Իսկ Թուրքիայում հանգիստ չէ, այնտեղ, որտեղ ենթադրվում է պատերազմ, այնտեղ, որտեղ հանգիստ չէ, չի ծրագրվում հաղորդակցություն»,- ասաց Տարասովը:
Նա նաև հստակեցրեց, որ, եթե նույնիսկ դիտարկվում է այդ երթուղին, ապա ՌԴ-ի համար էականը ոչ թե հենց «միջանցքի» գաղափարն է, այլ կոմունիկացիան, այն, ինչ հնարավոր կլինի պայմանավորվել:
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Տարասովն ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ մի կերպ չի գնահատում ներկայումս:
«Կրեմլում փոխվել է Հայաստանի ուղղությամբ համակարգողը, նա Սերգեյ Կիրիենկոն է, ասում են, որ նա փոփոխություններ է ցանկանում անել: Ժամանակի ընթացքում կտեսնենք, սակայն ես գտնում եմ, որ Հայաստանը դուրս է մնում մեծ պրոյեկտներից, հայերին ձեռնտու չէ այն դերակատարությունը, որն ունեին ԽՍՀՄ-ում՝ օրինակ, նրանք այլ բանի են ձգտում, գուցեև ճիշտ են, չեմ կարող ասել: Դա գավառական քաղաքականություն է՝ առանց հավակնությունների, Փաշինյանն ասում է, որ հայերը պատմություն չունեն, այն սկսվում է ՀՀ տարածքից, սա այլ Հայաստան է, այլ իրականություն»,- ասաց Տարասովը:
Նա չի գտնում, թե Փաշինյանի առաջիկա՝ մայիսի 9-ի այցը ՌԴ ինչ-որ բան է փոխելու հայ-ռուսական հարաբերություններում:
Տարասովի որակմամբ, Փաշինյանի այցը ՌԴ՝ լավություն չէ: «Հայերը կռվել են, հաղթել են, դա նաև նրանց հաղթանակն էր Երկրորդ աշխարհամարտում»,- ասաց Տարասովը:
Ինչ վերաբերում է Կապանում ՌԴ հյուպատոսության բացմանը, ապա Տարասովը գտնում է, որ եթե Սյունիքով հաղորդակցություն լինի, ապա դա կարևոր հարց է Ռուսաստանի համար:
«Կարծում եմ՝ հյուպատոսության հարցը կախված է կոմունիկացիայի շուրջ բանակցություններից»,- նկատեց նա:
Նշենք, որ ըստ մի շարք տեղեկությունների՝ ՌԴ նախագահի աշխատակազմում տեղի է ունենում արտաքին քաղաքական բլոկի էական փոփոխություն, որը փոխում է շեշտադրումները ՌԴ հարաբերություններում: Եվ այդ ամենի գլխին կանգնած է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ով ՌԴ նախագահի աշխատակազմում իր ԱԳՆ-ն է ձևավորում: Կարծիք կա, որ Կիրիենկոն փորձելու է ընդլայնել Աբխազիայում նախկինում փորձարկված մոդելը, որտեղ վերահսկվող քաղաքական տարածքի պայմաններում փորձարկվում էին բովանդակային կառավարման գործիքները։ Թե այս մոտեցումը հայկական ուղղությամբ ինչ փոփոխություններ կբերի՝ ցույց կտա ժամանակը, քանի որ փոփոխությունների գործընթացը կարծես նոր է սկսվում: