
Ծանրորդ Մերի Թումասյանը 5-րդն է ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու անդամներն ավարտեցին ելույթները Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան +87 կգ քաշային ծանրորդները՝ Մերի Թումասյանն ու Ջուլիետա Ավանեսյանը:
Պոկում վարժությունում Մերի Թումասյանը հաջորդաբար բարձրացրեց 90 կգ, 95 կգ, 98 կգ, իսկ հրումում` 110 կգ ու 116 կգ: Երկամարտի 214 կգ արդյունքով Մերի Թումասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:
Ջուլիետա Ավանեսյանը պոկում վարժության ընթացքում երկու հաջող մոտեցմամբ ֆիքսեց 80 կգ ու 86 կգ: Ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան` հրում վարժությունում Ջուլիետա Ավանեսյանը հրաժարվեց հետագա պայքարից` մեջքի վնասվածքի պատճառով:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը ու Լիանա Գյուրջյանը դարձել են Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ:
Տղամարդկանց պայքարում Գարիկ Կարապետյանը դարձել է ԵԱ-ի չեմպիոն, արծաթե մեդալ են նվաճել Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանն ու Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ են: