Նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. դա իմ քաղաքական դիրքորոշումն է. Փաշինյան

Նոր Սահմանադրության տեքստում չի կարող լինել հղում Անկախության հռչակագրին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ տարիներ առաջ Անկախության հռչակագրի օրվա իր ուղերձում նշել է, թե հռչակագիրը նորովի ուսումնասիրելուց հետո հասկացել է` տեքստն այն մասին է, որ Հայաստանի անկախ Հանրապետություն, պետականություն չի կարող լինել։

«Եթե ես սա ասում եմ, հետևաբար չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ընդհակառակը, իմ կարծիքով, Նոր Սահմանադրության տեքստում չի կարող լինել հղում Անկախության հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ սա իր քաղաքական դիրքորոշումն է։

Հարցին՝ արդյո՞ք Սահմանադրությունում Անկախության հռչակագրի տեքստի պահպանումը կխանգարի խաղաղության հաստատմանը՝ Փաշինյանը պատասխանեց.

«Դրանք պետք է իրարից տարբերենք։ Իրական Հայաստանի տեսլականը ես հիմա տարբեր մարզերում ներկայացնում եմ, ես այդ հարցին հատուկ անդրադարձ եմ անում և հատուկ ընդգծում եմ, թե ինչն է պատճառը, որ կարծում եմ՝ ՀՀ-ում նոր Սահմանադրություն պետք է ընդունվի: Հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ, հետևյալն է՝ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև օրգանական կապի խզում ունենք և ես դա տեսնում եմ իմ ամենօրյա աշխատանքում: Միշտ հարց եմ տվել, թե որն է պատճառը: Իսկ պատճառը սա է՝ իրավակարգը, որը բխում է Սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով՝ սահմանադրական բոլոր հանրաքվեները, հանրային համոզվածության համաձայն, ժողովրդի անհրաժեշտ ձայներ չեն ստացել: Այլ կերպ ասած՝ բոլոր արդյունքները մանիպուլացվել ու կեղծվել են»։

Իսկ Սահմանադրության ժամկետների մասով Փաշինյանը որևէ բան չասաց:

 

Տեսանյութեր

Լրահոս