
Երբ 7 տարի առաջին դասարանում մնացած «գայիշնիկը» խոսում է ռազմական կրթության մասին

Ապրիլի 17-ին խորհրդարանում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը խոսելով ռազմական կրթության ոլորտում արձանագրված փոփոխությունների մասին, անընդունելի ձևակերպումներ է թույլ տվել:
«Մինչև 2021-2022 թվականն ի՞նչ էր ռազմական ակադեմիան, այն գաղութի և զորամասի արանքում ինչ-որ հաստատություն էր: Նույնիսկ ֆիզկուլտուրայի ամբիոն գրեթե չկար, ավեր, ներսն ամեն ինչ ավերված, դասախոսական նորմալ ամբիոններ չկային: Եղել է տարի, որ ակադեմիայում դիմորդների թիվը եղել է ընդամենը 16 հոգի, ու էս պայմաններում ուզում էինք բանակ ունենա՞լ՝ առանց բազային կրթության սպաների՞, առանց ռազմական ակադեմիայի՞»,- նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ 2022 թվականից ոլորտում իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ, ինչի արդյունքում ռազմական ակադեմիան կարճ ժամանակում կարողացել է հայտնվել «համաշխարհային առաջատար ռազմական կրթօջախների» շարքում, որ արդեն առկա են հագեցած ամբիոններ, այդ թվում՝ թուրքերենի, որ բացի բազային ռազմական կրթությունից՝ ակադեմիայում ներդրվել են նաև քաղաքացիական առարկաներ, որոնք համադրվում են Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի համալսարանի կրթական ծրագրերի հետ, և, որ ակադեմիան ավարտող սպաներն այժմ ստանում են երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում, և այլն:
Նախ՝ ՔՊ-ական պատգամավորն իր հայտարարությամբ նսեմացնում է այն մարդկանց ջանքերը, ում շնորհիվ ռազմական ուսումնական հաստատությունը Բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանից փուլ առ փուլ վերածվել է Ռազմական ակադեմիայի, ինչպես նաև՝ թույլ տրված ձևակերպումն անարգում է այն փորձառու սպաների հիշատակը, ովքեր ավարտել են այս բուհը, նպաստել բանակի կայացմանը և իրենց կյանքը նվիրաբերել հանուն հայրենիքի:
Նշենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան կազմավորվել է ՀՀ կառավարության` 1994 թվականի հունիսի 24-ի №279 որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի` 1994 թվականի հունիսի 25-ի №197 հրամանով՝ որպես Բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարան, որտեղ 4-ամյա ուսումնական ծրագրերով զինվորական մասնագետների պատրաստումը տեղի է ունեցել միանգամից 8 մասնագիտություններով: Միաժամանակ, ՀՀ զինված ուժերը սպաներով համալրելու նպատակով քաղաքացիական բուհերի շրջանավարտների համար ուսումնարանի բազայի վրա կազմակերպվել են մեկամյա դասընթացներ: Որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ՝ ՀՀ նախագահի վկայագրով 1994 թվականի հոկտեմբերին Ռազմական ուսումնարանին հանձնվել է Մարտական դրոշ:
Սրանից մոտ 4 տարի անց՝ 1998 թվականի հունվարի 16-ին, Կառավարության որոշմամբ, Բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը վերակազմավորվել է Ռազմական ինստիտուտի:
Իսկ 2016 թվականի ապրիլի 28-ին Ռազմական ինստիտուտը վերակազմավորվել է «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկի:
2023թ. հունիսի 8-ի էլ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկների միաձուլմամբ վերակազմակերպվել և ստեղծվել է ՊՆ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկը:
Հավելենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորվել է հրամանատարաշտաբային ֆակուլտետը, և 2016 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանն իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ մեկնարկում են մագիստրոսական ուսումնառության փուլը, որտեղ սպաները ձեռք են բերելու և արդեն իսկ ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ապագա առաջնորդներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնցից առանցքային են կառավարման գիտությունը և ղեկավարման արվեստը:
«Հրամանատարաշտաբային ֆակուլտետում ձեռքբերվելիք առաջնորդական գիտելիքներն ու հմտությունները ձեզ կուղղորդեն բարդ առաջադրանքների կատարման և մարտահրավերների չեզոքացման հարցում, կներարկեն անորոշ իրավիճակներում վերադասի մտադրությունը խորը ըմբռնելու և հստակ գործողության մտահղացման միջոցով ենթակաների գործողությունները ուղղորդելու մնայուն հատկանիշներ»,- շարունակել էր Սերժ Սարգսյանը:
Իսկ մինչ այս դեռ 2004 թվականին Ռազմական ինստիտուտում սկսել էր գործել սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը (2016 թվականից՝ Սպաների որակավորման բարցրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոն, 2022 թվականի սեպտեմբերից` ՍՈԲ և ՌՄՈՒ կենտրոնը անվանակոչվել է ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանի անվամբ), որտեղ վերապատրաստման դասընթացներ է անցնում Զինված ուժերի սպայական կազմը:
Ի դեպ, նախկին քաղաքական և ռազմական ղեկավարության օրոք և ջանքերով ստեղծված Հրամանատարաշտաբային ֆակուլտետը կամ ինստիտուտը ղեկավարում է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան հովանավորությունը վայելող Արծրուն Հովհաննիսյանը:
Հավելենք, որ 2016 թվականի հունվարին բացվել էր նաև ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը: 2017 թվականի նոյեմբերին էլ Դիլիջանում տեղի էր ունեցել Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացումը: Այսինքն, գործ ունեինք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ռեստարտի հետ:
Բացի այս, «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում հատուկ շեշտվել էր բանակում ընդհանուր կրթական մակարդակի բարձրացման հարցը, ինչպես այդ ժամանակ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այն ենթադրում է մեծ զորամասերում լրացուցիչ կրթության օջախներ, Թումո-կենտրոններ:
Դեռ մի կողմ ենք դնում «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Զինվորից սպա» ծրագրերը, որոնցից առաջինի բազայի հիման վրա, ըստ էության, Սուրեն Պապիկյանի օրոք մշակվեց «Պաշտպան հայրենյացը»:
Արդեն 2019 թվականին, երբ ՀՀ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր, հայտնի դարձավ «1991» կիբեռանվտանգային ստորաբաժանման ստեղծման մասին: Ոչ հեղափոխական տարիներին ռազմակրթության ոլորտում բավական լուրջ աշխատանքներ են կատարվել նաև միջազգային համագործակցության առումով ՆԱՏՕ անդամ երկրների հետ, ստեղծվել է ամուր համագործակցություն Կանզասի Ազգային գվարդիայի հետ, ինչն ավելի քան 20 տարվա պատմություն ունի, և որի ներկայացուցիչներին այսօր հպարտությամբ ընդունում է ՀՀ պաշտպանության նախարարության և Ռազմական ակադեմիայի ղեկավարությունը:
168.am-ը վերջերս մանրամասն գրել էր Զինված ուժերում սերժանտական համակարգի ներդրման նախապատմության մասին:
Ինչ վերաբերում է Ռազմական ակադեմիա դիմողների թվին և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցչի պնդմանը, ապա 2022 թվականի ամռանը 168.am-ը փորձել էր ՀՀ պաշտպանության նախարարությունից ճշտել՝ 2021 և 2022 թվականներին որքա՞ն դիմորդ է ունեցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, և առհասարակ՝ ռազմաուսումնական հաստատությունները, բայց մեր պահանջած տեղեկությունն այդ ժամանակ համարվել էր հրապարակման ոչ ենթակա: Մեր համապատասխան հոդվածում մենք գրել էինք, որ այդ տեղեկությունը գաղտնի չէր համարվել նախկին իշխանությունների օրոք և նույնիսկ ինչ-որ ժամանակ՝ գործող իշխանությունների ժամանակ:
Օրինակ, 2006-2007 ուսումնական տարում Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սովորելու հայտ էր ներկայացրել շուրջ 500 դիմորդ, քննություններ հանձնածներից, սակայն, բուհ էր ընդունվել 290-ը: 2016 թվականին 2016թ. ռազմական ուսումնական հաստատություններում ռազմական մասնագիտություններ ձեռք բերելու նպատակով ռազմաուսումնական բուհեր էր դիմել 112 դիմորդ, որոնցից պիտանի էին ճանաչվել 83-ը, 2020 թվականին էլ Հայաստանի և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ միայն Արցախից 49 հոգի էր դիմել։
Ի դեպ, 2022 թվականին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ 2011-ից հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմել է 16 հոգի, սակայն չի մանրամասնել՝ կոնկրետ ո՞ր տարին: Իհարկե, ժամանակին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ էր արձանագրել ռազմաուսումնական հաստատություններ դիմորդների թվի նվազում, և հենց դրա համար էլ մշակվել էին որոշակի ծրագրեր, ինչի միջոցով պետք է հնարավոր լիներ ինչ-որ չափով լուծել այդ խնդիրը: Եվ հիմա, եթե թվաքանակի աճ է նկատվում, ապա այստեղ, թերևս, իր դերն ունի բնակարանային ապահովման հեռանկարը, բայց սրան զուգահեռ՝ չպետք է անտեսել բանակում մարդկային ռեսուրսի խնդիրը, զորահավաքային գործընթացում առկա բարդությունները, ինչի մասին ամեն առիթի բարձրաձայնում են Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը, դեռ չենք նշում, որ ամենևին էլ, այսպես ասած՝ լավ օրից չէ, որ 25-օրյա վարժանքի մասնակցին մարտական հերթապահության են տանում:
Ի դեպ, զինվորական թոշակառու զինվորականներին համակարգ վերադարձնելու ծրագիրը ևս խոսում է ռեսուրսային խնդիրների մասին, գուցե ՔՊ-ական պատգամավորը նաև սրա՞ մասին խոսի: Բնականաբար, վերջին 2-3 տարում Ռազմական ակադեմիայում դրական ծրագրեր, նորություններ են ներմուծվել, սակայն դա ՔՊ-ական պատգամավորին իրավունք չի վերապահում նսեմացնել նախկինում արված աշխատանքները, երբ, մեծ հաշվով, իրենց իշխանությունը զրոյից ոչ մի շենք չի կառուցել, և նախկինում ստեղծածն է վերանորոգվում:
Հետաքրքիր է՝ Արմեն Խաչատրյանը մոռանո՞ւմ է, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ Ռազմական համալսարանում հայտարարել էր, որ ՀՀ-ն ունենալու է տարածաշրջանում ամենաինտելեկտուալ բանակը, կարո՞ղ ենք ասել, որ տարիներ են կորսվել այդ առումով, և միայն 2022-ից հետո են հաջողություններ արձանագրել, և այն էլ՝ Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման օրոք: Հիմա կարող ենք նրա այս հայտարարությունները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված հատուկ գովաբանությո՞ւն ընկալել՝ ինչ-որ հանգամանքներով պայմանավորված, թե՞ «արջի ծառայություն»:
Ի դեպ, եթե Ռազմական ակադեմիան Արմեն Խաչատրյանը համարում է «գաղութ» կամ «կիսագաղութ», ստացվում է՝ ընդհանուր առմամբ բանակին էլ պիտի նման որակում տա՞նք, որովհետև պատերազմից հետո կան ունեցել վագոն-տնակներ, տներում տեղակայված զորամասեր, վրաններ, և բանակում առկա արատավոր երևույթները լուրջ մտահոգության առիթ են դարձել: Արդյո՞ք Ա. Խաչատրյանի կարծիքին է զինված ուժերի ղեկավարությունը, ժամանակին այլ կարգավիճակ ունեցող իսկ այսօր Ռազմական ակադեմիան ավարտածները։
Հուսանք, որ նրանց մեջ կլինեն մարդիկ, ովքեր չեն կիսի ՔՊ-ական պատգամավորի վտանգավոր և անթույլատրելի ձևակերպումը և կփորձեն կանխել նման դեպքերը: