Հայաստանին խրախուսում են, սակայն ԵՄ անդամակցության հեռանկար չեն տալիս․ Հայաստանի հարցում ԵՄ պաշտոնյաներն անկեղծ են

Մինչ ռուսաստանցի պաշտոնյաները ՀՀ իշխանություններին զգուշացնում են ՀՀ ԵԱՏՄ անդամակցությունը ԵՄ-ի հետ համատեղելու անհնարինության և ԵԱՏՄ-ն լքելու հետևանքների մասին, եվրոպացի պաշտոնյաներն էլ իրենց հերթին ՀՀ-ին չեն խոստանում ԵՄ անդամակցության հեռանկար ու ՀՀ-ի եվրոպական հեռանկարներին անդրադառնում են բավականին զուսպ բառապաշարով՝ առանց ոգևորության։

Պաշտոնական այցով ՀՀ-ում էր Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը, ով, ինչպես պարզ դարձավ վերջինիս ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսից, մանրամասն քննարկումներ է ունեցել Միրզոյանի հետ ՀՀ եվրոպական ձգտումների շուրջ։

Թեմայի շուրջ Ֆայոնի ձևակերպումներն ուշագրավ ենթատեքստեր են պարունակում։

Նա մասնավորապես ասաց, որ Սլովենիան, որպես ԵՄ անդամ, այս ամենի հետ կապված գիտելիքներ ու փորձ ունի, և առաջատար է, երբ խոսքը ԵՄ ընդլայնման մասին է։ Նա նշեց, որ մեծապես գնահատում է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հավակնությունները:

Կարդացեք նաև

«Ինչպես ասացիք, մենք ընդհանուր արժեքների վրա ենք հիմնում մեր գործընկերությունը և այս ժամանակաշրջանում իսկապես կիսում ենք ամուր եվրոպական արժեքները: ԵՄ անդամակցությունը բարդ գործընթաց է, բայց դա ինքնիշխան որոշում է, և մենք քաջալերում ենք Հայաստանին՝ շարունակելու ժողովրդավարացման այս արժեքները, կոռուպցիայի դեմ պայքարն առաջ մղելու գործընթացը: Այս բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն ենք հայտնում թե՛ փորձագիտական առումով, թե՛ գիտելիքներով»,- ասաց Ֆայոնը։

Ըստ էության, Սլովենիայի փոխվարչապետն ակնարկեց, որ ՀՀ իշխանությունների եվրոպական ձգտումները համաձայնեցված չեն ԵՄ-ի հետ, այսինքն՝ կոնկրետ ՀՀ-ԵՄ անդամակցության գործընթաց ԵՄ-ն չի խթանում։ Պետք է գնահատել նաև Տանյա Ֆայոնի անկեղծությունն այն առումով, որ ԵՄ անդամակցությունը բարդ գործընթաց է, և փաստորեն նա ակնարկում է, որ պետք է կենտրոնանալ բարեփոխումների գործընթացի վրա, որը կարող է տասնամյակներ ձգվել։ Պետք է արձանագրել, որ ԵՄ-ն առանձին այս պաշտոնյաների շուրթերով սին հույսեր չի ներշնչում ՀՀ իշխանություններին, աջակցում է եվրաինտեգրման քաղաքականությանը, բարեփոխումների գործընթացին, չտալով անդամակցության հեռանկար, ավելին՝ անդամակցության հարցն անվանելով բարդ։

Վերջերս առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան և Ադրբեջան էր այցելել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Գերմանիայի նախագահը Հայաստանում հայտնել էր իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացման ու ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում։ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում նա նշել էր, որ Հայաստանի համար ԵՄ-ն կարևորագույն առևտրային գործընկերներից է, Գերմանիան ցանկանում է շարունակել այս համագործակցությունը:

«Գերմանիայում շատ ուրախ ենք Հայաստանի հետաքրքրվածությամբ ԵՄ-ի, Եվրոպայի նկատմամբ»,- ասել էր Գերմանիայի նախագահը՝ հավելելով՝ գիտեն, որ շատ մեծ համարձակություն է պահանջվում՝ երկար տարիների կախվածությունները հաղթահարելու, վերակողմնորոշվելու, անվտանգության ոլորտի, տնտեսական կախվածությունները հաղթահարելու առումով:

Ապրիլի սկզբին ՀՀ-ում էր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ում օրակարգում առավելապես ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի հարցն էր, սակայն Փաշինյան-Գրոնո հանդիպման ընթացքում, պաշտոնական հաղորդագրության համաձայն, անդրադարձ էր կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին։ «Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցերի»,- ասված էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

Գուցե ՀՀ այց ծրագրող ԵՄ Հանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն ավելի որոշակի գնահատականներով հանդես գա իր հայաստանյան այցի շրջանակում։ Թեև այն, ըստ որոշ լուրերի, կենտրոնանալու է Հայաստան-Եվրամիություն նոր օրակարգի վրա, որի շուրջ բանակցությունները գրեթե ավարտին են հասել։

Մի քանի ամիս առաջ էր, երբ հայտնի դարձավ, որ Երևանն ու Բրյուսելն աշխատում են  գործընկերության նոր փաստաթղթի շուրջ՝ դեռևս ամբողջությամբ չիրականացնելով ու չսպառելով այն հնարավորությունները, որոնք ընձեռում է արդեն իսկ առկա CEPA փաստաթուղթը։

Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության թիրախում գտնվող Հայաստանի Հանրապետության համար, որն ապրում է կիսապատերազմական ռեժիմում, բարդ ռեգիոնալ միջավայրում, արտաքին քաղաքական ճշգրիտ որոշումներ կայացնելու համար չափազանց կարևոր են դրսից ստացվող ազդակները։

ՀՀ ԵՄ անդամակցության հարցը մի շարք ջանքերի ու իշխանության հետևողական աշխատանքի շնորհիվ հայտնվել է օրակարգում, սակայն ՀՀ այդ հեռանկարների վերաբերյալ որևէ դիրքորոշում ԵՄ պաշտոնյաները չեն հայտնում, չեն հուսադրում ՀՀ-ին, թեև տեղակայել են դիտորդական առաքելություն ՀՀ-ում, փորձում են խորացնել համագործակցությունը, անբեկանելի դարձնել ՀՀ եվրոպական ինտեգրման հեռանկարը, այդ թվում՝ ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի, սակայն առանց խոստումների։

«168 Ժամի» հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ դա ԵՄ-ի կողմից անկեղծ մոտեցում է՝ հաշվի առնելով այս հարցում շատ այլ երկրների փորձառությունը։ Ըստ նրա, վերջին տասնամյակները ցույց տվեցին, որ խնդիրը ոչ այնքան այն երկրներն են, որոնք ցանկություն են հայտնում միանալ ԵՄ-ին, այլ այն, որ ԵՄ-ում կան մի շարք բարդ ընթացակարգեր ու տարաձայնություններ ընդլայնման հարցի շուրջ, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքական դիմադրությունը ԵՄ ինտեգրման որոշումներին։

«Ինտեգրման ճանապարհին գտնվող բոլոր երկրներն էլ առնչվել են այս խնդիրներին, Հայաստանը ևս բացառություն չէ։ Իսկ վերջին տարիներին այս ամենին ավելացավ նաև Ուկրաինայի բարդ հարցը, որն իր հետ բերեց բազմաթիվ այլ խնդիրներ, տարաձայնություններ Արևմուտքի ներսում, խորացնելով նաև ընդլայնման հարցում կոշտ դիրքորոշումները»,- ասաց Մենաղարիշվիլին։

Ուստի, ըստ նրա, հասկանալի է, որ դա բարդ ճանապարհ է, որի մասին ուղիղ խոսում են։

«ԵՄ-ից հասկացնում են, որ դա քաղաքակրթական որոշում է, ԵՄ-ն շատ հարցերում աջակցում է Հայաստանին, սակայն անդամակցության վերաբերյալ հստակություն չկա նաև շատ ավելի երկար ճանապարհ անցած երկրների դեպքում»,- նկատեց նա։

Իսկ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն իր հերթին գտնում է, որ ԵՄ-ն նման հեռանկար չի տալու Երևանին։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ շատ օգտակար կլինեն այն օրինակները, որոնք արդեն իսկ կան Ուկրաինայի, Վրաստանի և մի շարք այլ երկրների տեսքով։

«Հայաստանի դեպքում ԵՄ-ն ավելի պարզ ճանապարհով է ընթանում և ՀՀ-ին չի դնում ԵՄ անդամակցության ճանապարհի վրա։ Սակայն միևնույն ժամանակ չի ընդունում ռուսական ազդեցությունը, կապը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ՌԴ պաշտոնյաների հետ, չեն խրախուսվում այցերը ՌԴ, շփումները, մայիսին ՌԴ-ում կայանալիք տոնական միջոցառումներին մասնակցությունը։ Ամեն բան չափազանց պարզ է. փորձելու են Հայաստանին անուղղակիորեն դիտարկել՝ որպես սերտ գործընկեր, սակայն առանց անդամակցության հեռանկարի տրամադրման։

Ըստ էության, նույնն արել են նաև Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդավայի, Թուրքիայի հետ։ Դժվար է պատկերացնել, որ սա չհասկանան Երևանում՝ ԵՄ-ին պետք է այդ ճանապարհը Ռուսաստանի դեմ, սակայն ոչ ԵՄ անդամակցություն՝ որպես այդ գործընթացի հանգրվան»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս