«Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ իրավիճակում կհայտնվի Հայաստանը». Դավիթ Գալստյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն ավելի լայն ձևաչափով է շարունակելու քննարկումները՝ լսելու ժողովրդի տարբեր շրջանակների կարծիքներն ու առաջարկները հետագա որոշումների ու անելիքների վերաբերյալ։ Կլինեն նաև հանրային հանդիպումներ, որտեղ կլսեն արցախցիների կարծիքը, և այս բոլոր գործողություններն իրականացնելուց հետո խորհուրդը կհայտարարի միասնական որոշման և հետագա անելիքների մասին։

«Ինչպիսի որոշում էլ կայացնենք համաժողովրդական քննարկումների արդյունքում, մի բան ակնհայտ է, որ մենք շարունակելու ենք մեր իրավունքների պաշտպանության համար պայքարը՝ չբացառելով ՀՀ օրենսդրությամբ չարգելված որևէ միջոցի կիրառում որևէ պահի»,- ասված է խորհրդի երեկ տարածած հայտարարությունում։

Այս ամենին զուգահեռ, երեկ կայացել է Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝ ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն արդեն 3 անգամ հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, արդյունքները նրանց չեն գոհացրել, քանի որ Կառավարությանը ներկայացրած 12 պահանջներից փոխվարչապետը քննարկել է միայն 1-ը, որը վերաբերում է 40.000 դրամ աջակցության ծրագրին, և որոշել է, որ 2 ամսով ևս ծրագիրը կսպասարկի իր շահառուներին։

Կարդացեք նաև

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ Հայաստանի այս իշխանության կողմից էր, որ Արցախը նվիրվեց Ադրբեջանին, դրան զուգահեռ՝ ատելության խոսք էին քարոզում արցախահայերի նկատմամբ, հետևաբար՝ որևէ ակնկալիք չունի ՔՊ-ից։

«Այս իշխանություններն իրենց ամենօրյա աշխատանքով ցանկանում են վերջնականապես փակել Արցախի էջը։ Չնայած ակնկալիքների բացակայությանը, ստեղծված իրավիճակում պետք է ամեն բան փորձել, որպեսզի հետագայում, երբ Հայաստանում ձևավորվի ազգային իշխանություն, մենք կրկին կարողանանք Արցախի հարցը բերել օրակարգ։ Իշխանության ղեկին նստած է մի անձնավորություն, որի օրոք ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի շահը որևէ ատյանում առաջ չի տարվելու։ Այն թեզերը, որոնք օրվա իշխանության կողմից դաշտ են նետվել, միանշանակ արդեն կարող ենք համոզված ասել, որ դրանք այն գործողություններն են, որոնցով փորձում են արցախցիներին վտարել Հայաստանից»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Գալստյանը։

Նրա բնորոշմամբ՝ ՀՀ իշխանությունն արցախահայերին մշտապես դիտարկել է որպես բեռ և Հայաստանի հասարակության աչքերում ներկայացրել հենց այդպես։ Իշխանությունն արցախահայերի համար միջազգային տարբեր կառույցներից ստացած գումարները ներկայացնում է՝ որպես պետական բյուջեից արցախահայերին տրվող գումարներ։ Այդպիսով ասում է, թե Հայաստանի բնակչության հարկերի հաշվին են ապրում արցախահայերը՝ կրկին դնելով բաժանում՝ արցախցի-հայաստանցի։

Ինչ վերաբերում է Արցախի պետական ինստիտուտների լիազորությունների երկարաձգմանը, Դավիթ Գալստյանը նկատեց՝ եթե ՀՀ-ում լինեին ազգային իշխանություններ, տեր կանգնեին արցախցիների իրավունքներին, ապա այդ քայլին դժվար թե գնային։

«Մենք գիտենք, որ այս իշխանություններն առաջին խոչընդոտն են և ցանկանում են կործանել Արցախի պետական ինստիտուտները, ելնելով ստեղծված իրավիճակից, կատարեցինք այդ փոփոխությունները։

Երբ ՀՀ կառավարությունը գրում էր իր ծրագիրը, խոստանում էր Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, բայց հետո Արցախը նվիրեց Ադրբեջանին։ Օր առաջ պետք է ազատվել թուրք-ադրբեջանական շահը սպասարկող իշխանությունից, որպեսզի կարողանանք առաջ տանել հայկական շահը։ Հակառակ դեպքում չեմ ուզում պատկերացնել, թե ինչ իրավիճակում կհայտնվի Հայաստանը»,- ընդգծեց Դավիթ Գալստյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս