
«2026թ. ընտրությունները ՀՀԿ գրասենյակում չի քննարկվում, մենք դրանով չենք ապրում». Հայկ Մամիջանյան
«Քննադատությունը նորմալ քաղաքական գործընթացի մաս է, Հանրապետական կուսակցությունը միշտ էլ ականջալուր է քննադատությանը։ Մի մասը դա հաշվի է առնում, հետևություններ է անում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով հարցին, թե ՀՀԿ-ն համերաշխություն չի՞ պատկերացնում այն ուժերի հետ, որոնք քննադատում են կուսակցությանը, թե՝ «Նիկոլ Փաշինյանին իրենք են բերել իշխանության»։
Այս համատեքստում Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ բողոքի ակցիաների ընթացքում, երբ իրականացվում էին ոստիկանական բռնություններ, կիրառվում էին հատուկ միջոցներ՝ կողք կողքի կանգնած են եղել մարդկանց շարքերում։
«Հիմա եթե կողքիս կանգնածն այդտեղից գնա իր գրասենյակ, ստացած փողերը հաշվի, լայվ միացնի ու ասի՝ գիտեք՝ այսինչը բերել է իշխանության, ու ինչ-որ հեքիաթներ, ստեր, խայտառակ հերյուրանքներ տարածի իմ մասին, ես այդ մարդու հետ խրամատում ո՞նց կանգնեմ»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե «ընդդիմությունը միասնական օրակարգ չունի՝ զվռտոցներից բացի», Հայկ Մամիջանյանն ասաց.
«ՀՀԿ-ի ու մեր խմբակցության անունից միլիոներորդ անգամ հպարտությամբ նշում եմ՝ ՀՀԿ-ի առաջնային օրակարգն է իշխանափոխությունը։ Այն բոլոր մարդիկ, որոնք այդ բարդ, դժվարին, բայց պատվաբեր պայքարում մեր կողքին կանգնած են, նրանց հետ մենք և՛ համերաշխություն, և՛ եղբայրություն ունենք։
Փողոցային պայքարի ժամանակ ՀՀԿ-ն որտե՞ղ է եղել, սևագործ բանվորի կարգավիճակում ամենավտանգավոր կետերում է եղել՝ բացարձակապես ուշադրություն չդարձնելով կուսակցական ու անձնական ամբիցիաներին։
ՀՀԿ-ն համարել ու համարում է, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու բոլոր իրատեսական միջոցները, որոնցից ամենաիրատեսականը, մեր կարծիքով՝ իմփիչմենթն է, պետք է օգտագործել։
2026 թվականի ընտրությունները ՀՀԿ գրասենյակում այս պահին որևէ կերպ չեն քննարկվում, մենք դրանով չենք ապրում։ Մեր նպատակը Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելը չէ, մեր նպատակն է Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, որովհետև մենք մեր հայրենիքն ավելի շատ ենք սիրում, քան ցանկացած պաշտոն»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում