
Շարունակելով երրորդ նախագահի ալեգորիան՝ զռռոցները չեմ մեկնաբանում. Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադառնալով ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում Երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդած հայտնի արձագանքների մասին լրագրողների հարցադրմանը՝ հակիրճ արձագանքեց․
«Որոշ անհատների արձագանքի, որոնք երեկ հնչել են, հատ առ հատ չեմ ցանկանում անդրադառնալ՝ մի պարզ տրամաբանությամբ․ շարունակելով նախագահի ալեգորիան՝ ես զռռոցները չեմ մեկնաբանում»։
Խոսելով Սերժ Սարգսյանի կողմից ելույթում հնչեցված երեք առաջնահերթությունների՝ համերաշխության մթնոլորտ ձևավորելու, Զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու և դաշնակիցների հետ հարաբերությունները հաստատելու մասին, Հայկ Մամիջանյանը նկատեց՝ այն, ինչ ասել է նախագահ Սարգսյանը, մեկտեղում ու ամփոփում է Հանրապետականի 35-ամյա գործունեությունը և, մասնավորապես, վերջին 7 տարվա ընդդիմադիր գործունեությունը։
«Նշված առաջնահերթություններն իրատեսական են, ու հաշվի առնելով հայ ժողովրդի ներուժը՝ հնարավոր են, և դրա համար առաջնային անհրաժեշտ պայմանն իշխանափոխության իրականացումն է,- հավելեց նա, ապա նկատեց,- Երեկ որոշ մեկնաբանություններ եղան․ սա կարծես ՔՊ-ի նոր քարոզչական գիծն է, թե ՀՀ-ին բազմիցս փորձել են ներքաշել պատերազմի մեջ, և վերջին փորձը եղել է Արցախի հայաթափումը։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ, եթե, Աստված մի արասցե, հարձակվեն Սյունիքի կամ Գեղարքունիքի մարզի վրա, էլի այդպիսի խրոխտ դեմքով գալու են այս բաների դիմաց կանգնեն ու ասեն՝ դե, Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ, բայց իրենք հերոսաբար չեն արձագանքում այդ հարձակումներին։
Եվ երկրորդ զավեշտը, որ վերջերս քննարկվում է, հարցին, թե ինչու Ադրբեջանը չի արձագանքում խաղաղության պայմանագրի ստորագրման ամեն օր, ամեն ժամ հնչող առաջարկներին, իրենք պատասխանում են՝ դե, Ադրբեջանն անակնկալի է եկել Հայաստանի համաձայնությունից, չգիտեն՝ ինչ անեն։ Էդպես լավ չի․ Սևանը հանձնեք, ավելի շատ անակնկալի կգան։ Իրենց նպատակն Ադրբեջանին անակնկալի բերե՞լն է․ անակնկալի ուրիշ ձևով են բերում Ադրբեջանին, ինչին իրենք ունակ չեն»։
Մանրամասները՝ տեսանյութում