Զինվորներին ասել են՝ իջե՛ք դիրքերից. սա դիրքային ագրեսիա է՝ առանց կրակոցների. Ավետիք Քերոբյան

Հայաստանի իշխանության ղեկին գտնվող ուժը պաշտոնապես հայտարարել է՝ Հայաստանը պետք է լինի այնքան թույլ պետություն, որ հետաքրքիր չլինի որևէ այլ երկրի համար, մինչդեռ, հայտարարված այդ թուլությունը մեծացրել է մեզ շրջապատող գայլերի ախորժակը. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի անվտանգային միջավայրի և այդ ուղղությամբ արվող քայլերի մասին, նման տեսակետ հայտնեց «Հայաքվե» միավորման Խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։

«Մեր զգոնությունը բթացնում են Խաղաղության պայմանագրով, որն իրականում գոյություն չունի. ես դրան ասում եմ՝ մեզ բթացնում են խաղաղությունով։ Խաղաղություն չի՛ լինելու՝ անկախ այն տարատեսակ հանդիպումներից, որոնք տեղի են ունենում, անկախ այն ֆորումներից, որոնք կազմակերպվում են, օրինակ, Թուրքիայում։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա Ադրբեջանի հետ, դա ենթադրում է ռազմական ուժի գործադրում Հայաստանի դեմ, որովհետև ռազմական գործողություններ չսկսելու երաշխիք Ալիևը չի տալիս»,- ասաց Ավետիք Քերոբյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանության օրոք հայ ժողովուրդը տեսել է և՛ պատերազմ, և՛ տարածքների կորուստ, հետևաբար՝ Հայաստանի դեմ թշնամական տրամադրված երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկխոսելու տարբերակով Հայաստանի տարածքի պաշտպանության մասին լոզունգներն անիմաստ են։

Կարդացեք նաև

«Հիմա էլ նույնն է անում թշնամին՝ տարածքներ է պոկում։ Տավուշում զինվորներին ասել են՝ դիրքերից իջեք։ Սա դիրքային ագրեսիա է՝ առանց կրակոցների։ Եկել, ասել են՝ գնացե՛ք այդ տարածքներից»,- ասաց Քերոբյանը՝ ընդգծելով՝ առաջիկայում Տավուշում թշնամու դիրքային առաջխաղացման մասին կիմանանք այնպես, ինչպես իմացանք ավելի վաղ Սյունիքի դիրքերի հանձնման դեպքում։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս