Բաժիններ՝

Եվրամիությունը ևս 1 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային. Շմիհալ

Եվրամիությունը ֆինանսական օգնության երրորդ տրանշն է փոխանցել Կիևին՝ 1 միլիարդ եվրոյի չափով, որը պետք է մարվի ռուսական սառեցված ակտիվների եկամուտների հաշվին՝ ERA (Extraordinary Revenue Acceleration, Արտակարգ եկամուտների արագացում) արտակարգ վարկավորման ծրագրով: Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։

«Այսօր հայտարարվել է ERA-ի վարկի շրջանակներում մակրոֆինանսական աջակցության 1 միլիարդ եվրոյի չափով տրանշի մասին։ Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին մեր երկրի տնտեսությանը և արագ վերականգնմանն աջակցելու համար։ Մենք նաև քննարկել ենք ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցը։ Ուկրաինան ապավինում է այն բանին, որ ԵՄ-ի ղեկավարությունն այս գումարները կուղղի մեր վերականգնմանը», – գրել է Շմիհալը Բրյուսելում ԵՄ տնտեսության և արտադրողականության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի հետ հանդիպումից հետո։

Բացի այդ, Շմիհալը մեկ այլ գրառման մեջ հայտնել է, որ Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքել է 3 ֆինանսական համաձայնագիր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 300 միլիոն եվրո։

Այդ գումարը կուղղվի Ուկրաինայի ջրամատակարարմանը, կենտրոնական ջեռուցմանը և երկրի վերակառուցման ծրագրին։ Ուկրաինական պատվիրակությունն ապրիլի 9-ին Բրյուսելում մասնակցում է ԵՄ-Ուկրաինա ասոցացման խորհրդի 10-րդ նիստին, որի շրջանակներում Դենիս Շմիհալը մի շարք հանդիպումներ է նախատեսում ԵՄ ղեկավարության հետ։

2024 թ. հոկտեմբերին Մեծ յոթնյակի երկրների ղեկավարներն ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ նշել են Ուկրաինային 50 մլրդ դոլարի չափով վարկի տրամադրման շուրջ համաձայնության հասնելու մասին։ Ընդգծվել է, որ վարկերը կսպասարկվեն Ռուսաստանի սառեցված սուվերեն ակտիվներից ստացվելիք ապագա եկամուտների հաշվին՝ G7 երկրների իրավական համակարգերի և միջազգային իրավունքի շրջանակներում։

Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են ռուսական մոտ 300 միլիարդ դոլարի չափով ակտիվներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս