Թրամփի նոր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

60 երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինոր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել։

Աշխարհի խոշորագույն արտահանող Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը Սպիտակ տան ղեկավարի որոշմամբ, կկազմեն 104 տոկոս։

Երեքշաբթի օրը նախագահ Թրամփը սպառնացել էր լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք սահմանել չինական ապրանքների համար, եթե Պեկինը չչեղարկի ամերիկյան ապրանքների համար սահմանած մաքսատուրքերը։

Չինաստանի իշխանություններն ի պատասխան հայտարարել էին, որ մտադիր չեն տեղի տալ Վաշինգտոնի «շանտաժին» և «մինչև վերջ կպայքարեն» առևտրային պատերազմում՝ նույնիսկ ֆոնդային շուկաներում տիրող լարվածության պայմաններում։

Չինաստանի նկատմամբ հավելյալ մաքսատուրքերը սահմանվել են այն բանից հետո, երբ Պեկինը չի կատարել Թրամփի պահանջը՝ հրաժարվելու ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան տուրքերից:

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները նշել են, որ առաջնահերթություն չեն տալիս աշխարհում երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող տերության հետ բանակցություններին:

«Այս պահին մենք հրաման ենք ստացել առաջնահերթություն տալ մեր դաշնակիցներին և մեր առևտրային գործընկերներին, ինչպիսիք են Ճապոնիան, Կորեան և մյուսները», – Fox News-ի եթերում ասել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը:

Իր հերթին առևտրային հարցերով Դոնալդ Թրամփի գլխավոր բանակցող Ջեյմիսոն Գրիրը Կոնգրեսին հայտնել է, որ իր գրասենյակը փորձում է արագ աշխատել, սակայն հստակ վերջնաժամկետ իր առջև դրված չէ։

«Նախագահը կրկին պարզ նշել է, որ մոտ ժամանակներում բացառություններ չի անելու», – Գրիրի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Ելույթ ունենալով հանրապետական ​​օրենսդիրների առջև՝ Թրամփը նշել է, որ շուտով կհայտարարի դեղագործական ապրանքների ներմուծման «խոշոր» մաքսատուրքերի մասին։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ մաքսատուրքերը կդրդեն դեղորայքային ընկերություններին իրենց արտադրական գործունեությունը տեղափոխել ԱՄՆ:

Reuters-ը նշում է, որ ամերիկյան բաժնետոմսերը սակարկությունների ընթացքում չորս օր անընդմեջ անկում են գրանցել՝ նախորդ շաբաթ մաքսատուրքերի մասին Թրամփի հայտարարությունից հետո։ S&P 500 ինդեքսի ցուցանիշը նվազել է՝ հասնելով 5000 կետի, ինչն առաջին նման դեպքն է գրեթե մեկ տարվա ընթացքում: S&P 500-ի ընկերությունները կորցրել են 5,8 տրիլիոն դոլար ֆոնդային շուկայում, ինչն ամենամեծ քառօրյա կորուստն է 1950-ական թվականներից ի վեր:

Ճապոնիայի Nikkei-ը և ասիական այլ շուկաները նույնպես անկում են գրանցել մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու ֆոնին։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի արտասահմանյան առևտրային գործընկերների նկատմամբ «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին՝ ցուցակում ընդգրկելով 185 պետություն։ Մաքսատուրքերի նվազագույն բազային մակարդակը կազմում է 10%, սակայն մի շարք երկրների համար մաքսատուրքերը հաշվարկվել են անհատականորեն՝ կախված այդ երկրների հետ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտից։

Տեսանյութեր

Լրահոս