44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործով մեղադրված և արդարացված գնդապետը ՊՆ-ում նոր աշխատանքի է անցել. մեկ այլ գնդապետ մեղավոր է ճանաչվել

2024 թվականի օգոստոսին 168.amգրել էր, որ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործի շրջանակում մեղադրվող գնդապետ Վահան Յայլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

 44-օրյային առնչվող քրեական գործով մեղադրված և արդարացված գնդապետը

Մեր տեղեկություններն ավելի ուշ հաստատել էր ՀՀ քննչական կոմիտեն՝ «դատախազի կողմից կայացվել է արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում»:

Ընդ որում, ՀՀ քննչական կոմիտեն երկար ժամանակ մեր հարցումներին ի պատասխան՝ թաքցնում էր այս փաստը:

Կարդացեք նաև

Արդեն 2025 թվականի ապրիլի 8-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մեզ ուղարկած իր գրության մեջ հայտնել է.

«2022 թվականի հունվարի 19-ին Վ.Յ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 1-ին մասով:

2023 թվականի օգոստոսի 16-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Վ. Յ.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ 2023 թվականի օգոստոսի 29-ին որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը հաստատվելու հիմքով»:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում է.

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ.-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք»:

Ի դեպ, 2020 թվականի հոկտեմբերի 9-ին այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ նշելով. «Հրամանատարի հետ»:

Այսինքն, հոկտեմբերի 9-ին կամ դրանից առաջ գործողությունների պլան է գծվում, իսկ հոկտեմբերի 10-ին ՊԲ N պաշտպանական շրջանի հրամանատարը հրաժարվո՞ւմ է առանձին գնդի հրամանատարի պարտականություններից և դրսևորում անփույթ վերաբերմո՞ւնք:

Գուցե Արցախի հարավային հատվածների, Հադրութի շրջանի տեղանքին ծանոթ չի՞ եղել գնդապետը, ինչպես պահանջում են մարտական գործողությունները, ի վերջո, Յայլոյանն Արցախ է ծառայության մեկնել Երևանից, դրանից առաջ ծառայել է Մեղրիում:

Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է մի առիթով ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորականները տեղանքում չեն կողմնորոշվել: Իսկ գուցե ա՞յլ խնդիրներ են եղել:

Իսկ առաջադրված մեղադրանքը չէր խանգարել Վահան Յայլոյանին ծառայությունը շարունակել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում, երբ դեռ քրեական հետապնդումը չէր դադարեցվել:

Հիմա, երբ Յայլոյանն արդարացվել է, 168.am-ի տեղեկություններով` գնդապետը տեղափոխվել է Պաշտպանության նախարարության կարևոր վարչություններից մեկում ծառայությունը շարունակելու (կոնկրետ պաշտոնը նպատակահարմար չենք գտնում հրապարակել):

Նշենք, որ մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում Վահան Յայլոյանի՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ մտերիմ հարաբերությունների, ըստ էության, իշխանության բարեհաճությունը վայելելու մասին:

Ամեն դեպքում այստեղ կա մեկ այլ հանգամանք ևս. եթե ընդունենք, որ Վահան Յայլոյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման հարցում նշվածը դեր չի ունեցել, այսինքն, գնդապետին առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէր, կամ՝ գնդի հրամանատարի պարտականություններից հրաժարումը 44-օրյայի օրերին օբյեկտիվ պատճառներ ուներ, ուրեմն՝ այլ բացասական երևույթի հետ գործ ունենք 44-օրյա պատերազմի տրամաբանության մեջ:

Նախ հերոսացնում են, հետո՝ մեղավոր ճանաչում

Այս համատեքստում հիշեցնենք, որ անցած տարի 168.amանդրադարձել էր նաև 44-օրյա պատերազմին առնչվող մեկ այլ քրեական գործի:

2023 թվականի ապրիլին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, թե փաստեր են ձեռք բերվել, որ Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը ռազմական դրության պայմաններում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։

Սպային մեղադրանք էր ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասին), անգամ կալանավորման որոշում էր ավելի ուշ կայացվել:

168.am-ը գրել էր, որ խոսքը ՊԲ N զորամիավորման (դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ) գնդապետ Մանուկ Բադալյանի մասին է, ում, ի դեպ, իշխանությունները պաշտպանության նախարարության միջոցով 44-օրյա պատերազմի օրերին հերոսացնում էին՝ «Զինուժով» ռեպորտաժ, լուսանկարի տարածում:

Իսկ Մանուկ Բադալյանը, բնականաբար, համաձայն չէր իրեն առաջադրված մեղադրանքի հետ, որ 2020թ․ հոկտեմբերի 3-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով 2020թ․ հոկտեմբերի 10-ից ժամանակավորապես դադարեցրել է զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը։

Այսինքն, ըստ մեղադրական եզրակացության, աջ ծնկահոդի հատվածն առանց բժշկական ցուցումների բազմակի անգամներ յոդ տեսակի հեղուկով մշակելու և նույն հեղուկով խիտ թաթախված բինտով վիրակապելու արդյունքում առաջացած աջ ծնկահոդի շրջանի 2-րդ աստիճանի այրվածքը որպես մարտական գործողությունների հետևանքով ստացած վիրավորում է ներկայացրել, և ՀՀ պաշտպանության նախարարի 2020թ. հոկտեմբերի 24-ի թիվ 2539-Ա հրամանով Մանուկ Բադալյանը 2020 թվականի հոկտեմբերի 10-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել գնդապետ Մանուկ Բադալյանին:

– Մանուկ Աշոտի Բադալյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասին) նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով:

– ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Մանուկ Աշոտի Բադալյանի 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 4 (չորս) օր անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը հաշվակցել ազատազրկման ձևով նշանակված պատժից և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 8 (ութ) ամիս 26 (քսանվեց) օր ժամկետով։
– ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Մանուկ Աշոտի Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով։

– Փորձաշրջանի ընթացքում Մանուկ Աշոտի Բադալյանի վրա դնել պարտականություններ՝ առանց վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել ՀՀ տարածքը, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել նոր բնակության վայրի հասցեն։

Մանուկ Բադալյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ այս տարվա փետրվարի 5-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել իրեն, և պնդեց, որ դատավճիռն անհիմն է, չկան ապացույցներ, և, որ այն բողոքարկելու է:

Ի դեպ, Մանուկ Բադալյանը 44-օրյա պատերազմից հետո որոշակի ժամանակ ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ զորամիավորումներից հետո և նոր միայն զորացրվել:

Տեսանյութեր

Լրահոս