
Մեծ հավանականությամբ, Ազգային անվտանգության գործակալության տեղեկության արտահոսքի հարցում «խառն» է այն շրջանակների մատը, որոնց համար նախընտրելի է Իրանի հարցում ուժային զարգացումը. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Ուրեմն, ամերիկյան մամուլ է սպրդել ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության փաստաթուղթ, որում նշվում է, որ Մերձավոր Արեւելք ռազմական ուժերի տեղակայումը ունի ոչ թե Իրանին հարված նախապատրաստելու, այլ բանակցությանն ընդառաջ դիրքեր ամրապնդելու նպատակ:
Սա տեղի է ունենում Թրամպ-Նաթանյահու հանդիպումից հետո, եւ Շաբաթ օրն Օմանում սպասվող Արաղչի-Ուիտկոֆֆ բանակցությունից առաջ: Չեմ կարծում, թե այդ արտահոսքը օգտակար է բանակցությանը: Հետեւաբար հակված եմ մտածել, որ արտահոսքը կազմակերպվել է Թրամպի նկատմամբ ճնշման եւ բանակցության հնարավոր արդյունավետությունը խաթարելու համար:
Մեծ հավանականությամբ, Ազգային անվտանգության գործակալության տեղեկության արտահոսքի հարցում «խառն» է այն շրջանակների մատը, որոնց համար նախընտրելի է Իրանի հարցում ուժային զարգացումը: Ասել եմ բազմիցս, որ Թրամպի համար դա մեղմ ասած վատ սցենար է, եւ անկասկած ամենից լավ դա պատկերացնում է հենց ինքը Թրամպը: Դարձյալ, արտահայտվել եմ ավելի վաղ, որ նրա վերջնագրային տոնայնությամբ հայտարարությունները դիվանագիտական տակտիկայի տրամաբանությամբ են, միտված նաեւ այսպես ասած «ուժային սցենարի» կողմնակիցների հետ խաղալու, որովհետեւ այդ սցենարի կողմնակիցները մեղմ ասած թույլ շրջանակներ չեն:
Իսկ այդօրինակ հարցերը չեն լուծվում միայն մեկ անձի, տվյալ դեպքում նախագահի այս կամ այն որոշումով, որովհետեւ որոշումների ձեւավորումը ենթադրում է շատ շերտային գործընթաց, տարբեր հարակաից գործոններով, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել:
Այդուհանդերձ, պետք է հուսալ, որ չնայած շաբաթօրյա բանակցությունը խաթարելու փորձերին, այն կկայանա եւ կլինի արդյունավետ: Իհարկե այս պարագայում էլ, խոսքը լինելու է գործընթացի, այլ ոչ թե միանվագ գործողության կամ ակտի մասին: Բայց, կարեւոր է, որ գործընթացը ծավալվի:
Ըստ իս, այդպես կլինի, համենայն դեպս քանի դեռ ծավալվում է ռուս-ամմերիկյան գործընթացը, որովհետեւ իմ խորին համոզմամբ Իրանի հարցը այդ գործընթացի մաս է:
Ի դեպ, ուշադրություն եմ հրավիրում հանգամանքի վրա, որ այստեղ էլ «դիվանագիտական առաջնագծում» է Սթիվ Ուիտկոֆը, որն այդ դիրքում է Ռուսաստանի հետ շփումներում, երկու անգամ այցելել է Մոսկվա: Ուիտկոֆն ի դեպ, Մերձավոր Արեւելքի հարցերով Թրամպի հատուկ բանագնացն է, բայց նա կադրային դիվանագետ չէ, այլ անշարժ գույքի գործակալ: Այլ կերպ ասած, այստեղ հարցն այն չէ, որ Ուիտկոֆը Մերձավոր Արեւելքի մասնագետ է եւ դրա համար է Օմանում բանակցողը: Ուիտկոֆը պարզապես Թրամպի անձնական վստահությունը վայելող բանակցող է, ոչ թե Մերձավոր Արեւելքի, այլ այսպես ասած՝ գործարքի մասնագետ:
Եվ այդով հատկանշական է, որ նա թե Ռուսաստանի հետ «տրեկում» է, թե Իրանի»: