
«Այսօր նույնիսկ ատելության խոսքի սահմանումը չունենք, դրա համար դատարաններում պարտվել ենք». Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով հանձնաժողովի տարեկան զեկույցը՝ անդրադարձավ տեսալսողական մեդիայի առջև ծառացած մի քանի խնդիրների։
Ըստ նրա, այսօր ավանդական մեդիան այս կամ այն չափով կարգավորվում է, դրանք հանրային մուլտիպլեքստում եղած, լիցենզավորված կազմակերպություններն են, ցանցային օպերատորները։
«Համացանցում գործում են տասնյակ, այսպես կոչված, «թիվի լայք», որոնք դուրս են կարգավորումից։ Այն վտանգները, որոնք մենք այսօր ունենք, կապված տեղեկատվական անվտանգության, լեզվական, երեխաների վրա ազդեցության, թշնամանքի հետ, և այլն, լավ գիտեք, որ սա առաջին հերթին գեներացվում է համացանցում։ Ամբողջ աշխարհում այս խնդիրը սկսում են կարգավորել, մեզ մոտ նույնպես դա պետք է անել։ Մենք հաշվարկեցինք, թե համացանցում քանի նման հարթակ կա, ըստ աշխարհում կամ Եվրոպայում ընդունված չափորոշիչների, դա խմբագրական քաղաքականությունն է, օրական ինչ-որ քանակի հաղորդումներն են, հետևորդների թիվն է։ Հայաստանում կա 40 նման հեռուստանման հարթակներ։
Ցավոք, այսօր մենք նույնիսկ չունենք ատելության խոսքի սահմանումը, այդ պատճառով էլ դատարաններում մի քանի անգամ պարտվել ենք»,- նշեց Տիգրան Հակոբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում