250 միլիոնանոց դրամաշնորհ՝ նորելուկ հիմնադրամին, որ իշխանությունների պատկերացրած «հանրօգուտ» տեսալսողական մեդիամիջավայրը ստեղծվի
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն օրերս 250 միլիոն դրամ` 657253.50 դոլար է հատկացրել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամին:
Այս գումարը տրամադրվել է, ուշադրություն, «տեսալսողական մեդիա ոլորտի կարգավորման» համար։ Ըստ պայմանագրի՝ որպեսզի այս հիմնադրամն իրականացնի տեսալսողական մեդիայի ուսումնասիրություն, առկա բովանդակության, խոսույթների, խնդիրների վերլուծություն և հաղորդումների արդյունավետության մշտադիտարկում։
Սկիզբն երկանց, կամ՝ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ՝ սկսել է գործել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը

2025 թվականի ապրիլին Կառավարությունը հավանություն տվեց՝ պետական միջոցների հաշվին, մի հիմնադրամի ստեղծման, որը հեռուստաալիքներին դրամաշնորհներ պետք է տրամադրի «հանրօգուտ» մեդիաբովանդակություն ստեղծելու համար:
Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամն արդեն պաշտոնապես մեկնարկել է գործել 2025 թվականի հունիսից։
Թեև գործադիրից վստահեցնում էին, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակողներին գումար տրամադրելիս խմբագրական քաղաքականության նկատմամբ միջամտության փորձերը պետք է բացառել, սակայն հիմնադրամի կանոնադրության հենց այն կետում, որտեղ խմբագրական քաղաքականությանը չմիջամտելու մասին է նշված, գրված է նաև՝ ստեղծվող կառույցը կողմերի միջև կամուրջ պետք է լինի, որի շնորհիվ «պետությունը կհանրայնացնի կարևոր ուղերձները»:
Թե ի՞նչ ուղերձների մասին է խոսքը․ թղթերն այս մասին լռում են, բայց առաջ են գալիս տրամաբանական հարցադրումները
Արդյո՞ք այդ ուղերձներից է Փաշինյանի ստեղծած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, նրա տիկնոջ «Կրթվելը նորաձև է» շարժման ուղերձները, իսկ գուցե նաև Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը միջամտելու տարատեսակ փորձե՞րը․․․:
Իսկ հիմա՝ այս հիմնադրամի գործունեության մասին, ու, թե ո՞վ պետք է հետևի «հանրօգուտ մեդիամիջավայրի» ձևավորմանը
Հիմնադրամի ստեղծման մասին որոշումից հետո հայտնի էր արդեն, որ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Վահագն Թևոսյանը, որը նախկինում եղել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։
Այսօր արդեն Վահագն Թևոսյանը տնօրենի պաշտոնում է և հենց այս պաշտոնում է հունվարի 23-ին ստորագրել ԲՏԱ նախարարության խոշոր դրամաշնորհի՝ 250 միլիոն դրամ աջակցության պայմանագիրը։
Նկատենք՝ նախկին իմքայլական պատգամավորը նաև «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, ղեկավարում է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժինը։ Նրանք երկուսն էլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական Ժամանակի» լրագրողներ են եղել։
Նշենք նաև, ԲՏԱ նախարարությունը, որի ենթակայության տակ գնտնվում է հիմնադրամը և որից էլ ստացել է դրամաշնորհը, ղեկավարում է Մխիթար Հայրապետյանը, որը նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է։

Հավելենք նաև, որ այս նորաստեղծ հիմնադրամը մեկ այլ՝ շուրջ 1,5 միլիոն դրամանոց (1մլն 440 հազար դրամ) դրամաշնորհի պայմանագիր էլ կնքել էր նախորդ տարեվերջին՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին: Ըստ էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված պայմանագրի՝ դարձյալ նույն նպատակներով։
