
#ՀԻՄԱ. ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ. ՊՌՈՇՅԱՆՑԻՆԵՐՆ ՈՒ ՔԱՍԱԽՑԻՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆ ՓԱԿԵԼ. #ՈՒՂԻՂ
Պռոշյանցիները կրկին փակել են Երևան–Աշտարակ ճանապարհը և շարունակում են պահանջել, որ իրենց տարածքն էլ սպասարկի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։
«Մենք պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, որպեսզի Երևան քաղաքի ավտոբուսը սպասարկի այս տարածքը, այն պետք է հասնի մինչև Պռոշյան ու հետադարձ անի։ Մենք պայքարում ենք մեր ազատ տեղաշարժի իրավունքն ապահովելու համար։ Եթե խախտում են այդ իրավունքը, մենք էլ մյուսների տեղաշարժի իրավունքը կխախտենք ու թույլ չենք տա` գործի այս խճուղին»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա հավելեց` Ավինյանի հետ հանդիպում են ակնկալում։
Հիշեցնենք` Պռոշյանի և Քասախի բնակիչները Երևան-Աշտարակ ճանապարհը փակել էին նաև ապրիլի 5-ին` պահանջելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։