
Ընդդիմությունը տարանջատվեց, ՔՊ-ին հաղթել չի կարողանալու. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն ու Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելն ամենևին էլ չի խոսում այն մասին, որ այդ արդյունքներով կինոն ավարտվում է. ավելին՝ Գյումրիում կինոն նոր է սկսվում, որովհետև բավականին չլուծված հարցեր կան այնտեղ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նկատելով.
«Այո՛, ՔՊ-ն Գյումրիում ջախջախվել է, որքան էլ փորձի իր անունը փրկելու համար հայտարարել, թե նախորդ ընտրությունների համեմատ ավելի շատ ձայն են հավաքել, բայց փաստ է, որ ՔՊ-ն պարտվել է, բայց հետագայում Գյումրու կառավարման հարցում առաջացնելու է խնդիրներ։ Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը և մյուս այլ թեկնածուները Գյումրիում լուծել են ոչ թե քաղաքային, այլ քաղաքական խնդիր»,- ասաց քաղաքագետը։
Նրա համոզմամբ՝ ՔՊ-ական իշխանությունը Գյումրիում այս կոնֆիգուրացիայի պարագայում կարող է թույլ տալ, որ Վարդան Ղուկասյանը հանգիստ կառավարի, բայց, միևնույն ժամանակ, նրա վրա կբարդի Գյումրու բոլոր խնդիրները. 2026 թվականի ընտրությունների քարոզարշավին նրանից ՔՊ-ն կկերտի հակահերոս ու խնդիրների պատասխանատու։
«Դա երկարաժամկետ հեռանկարում, իսկ ահա կարճաժամկետում իշխանությունը կարող է չսպասել մինչև 2026 թվական։ Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո ՔՊ-ն կարող է գնալ իրավական շանտաժի»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ինչ վերաբերում է մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հանրության մեջ գեներացվող սպասումներին, ապա, ըստ քաղաքագետի, այդ արդյունքները Գյումրուց կտեղափոխվե՞ն Երևան, թե՞ ոչ՝ կախված է արդեն ընդդիմադիր էլիտաներից, որոնք պարտավոր են հասկանալ, թե ի՞նչն աշխատեց Գյումրիում, և դրա փոքր մոդելը դարձնելով մեծ՝ կիրառեն արդեն համապետական մակարդակով։
«Խնդիրները, սակայն, ավելի խորն են, որովհետև մեր երկրում շատ ավելի վատ բաներ են տեղի ունեցել, որոնց ժամանակ մենք տեսել ենք, որ քաղաքական համակարգ չկա, ամայացած դաշտ է։ Գյումրին ցույց է տալիս, որ մարդիկ առաջնորդվել են՝ «Ով ուզում է լինի, Նիկոլը չլինի», կամ «Նիկոլից վատը հնարավոր չի» տրամաբանությամբ, մինչդեռ «Նիկոլը չլինի, ով ուզում է լինի» թեզը կործանարար է»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով՝ հենց նաև այս պատկերից դաս քաղելով է, որ ներկայիս ընդդիմությունը պարտավոր է, եթե անգամ տարանջատման սկզբունքով ընտրության գնա, գոնե կարողանա պայմանավորվի։
«Ընդդիմությունը Գյումրիում չի հաղթել իշխանությանը. դեռ հարցական է, թե ինչ է լինելու ապագայում։ Այո՛, ՔՊ-ն պարտվել է, բայց հաղթել է նիկոլականությունը, նիկոլիզմը, հետևաբար՝ համապետական ընտրություններին ընդդիմությունը տարանջատվեց՝ ՔՊ-ին հաղթել չի կարողանալու»,– խոսքը եզրափակեց քաղաքագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։