
«Կոշ» ՔԿՀ-ի նախկին պետ Լյովա Բաղդասարյանն ապօրինի ծագում ունեցող գույք չունի. դատարանը մերժել է դատախազության հայցը

Փաստաբան Հրանտ Անանյանը քիչ առաջ գրել էր, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ն.Ավագյանի) այսօր հրապարակված վճռով ամբողջությամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ իրենց (փաստաբաններ Հարություն Հարությունյանի և Հրանտ Անանյանի) վստահորդ Լ.Բ.-ի և ՈՒ.Կ.-ի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
«Դատական ակտը առնվազն եզակիներից է (եթե ոչ միակը), որով դատարանը բովանդակային վերլուծության ենթարկելով թե՛ հայցվոր և թե՛ պատասխանող կողմի ապացույցները և փաստարկները, համադրությամբ ամբողջությամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը հայ իրավական համակարգ վերջերս ներդրված խնդրահարույց ինստիտուտով»,- գրել է փաստաբան Հրանտ Անանյանը:
Խոսքը «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանին ու նրա կնոջը պատկանող գույքի մասին է: Ի դեպ, «Կոշն» այն հիմնարկն է, ուր իր պատիժն է կրել Նիկոլ Փաշինյանը, և պատահական չէ, որ Լյովա Բաղդասարյանի նկատմամբ նա հատուկ սևեռվածություն ունի:
168.am-ի հետ զրույցում փաստաբան Հարություն Հարությունյանն ասաց, որ դատարանը որոշում է կայացրել՝ համադրելով իրենց ու դատախազության ներկայացրած տվյալները, ինչպես նաև հիմք է ընդունել ապացույցների համակցության հանգամանքը:
Ուշագրավ է, որ դատական իշխանության պաշտոնական ռեսուրսներն անմիջապես, հենց որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցով հաշտության համաձայնություն է լինում, կամ անգամ վճռի մասնակի բավարարում, թեկուզ փոքր-ինչ ի վնաս անձի՝ վճիռ, գրում են այդ մասին: Բայց այս դեպքում լռություն է: