
Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի թղթակցի՝ հայ-գերմանական տնտեսական համագործակցության ներկա մակարդակին և դրանք զարգացման հեռանկարներին վերաբերող հացին ի պատասխան նշեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նա կարևորեց վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող աշխատանքը և այդ հարցում երկրների միջև համագործակցությունը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն այդ փոփոխությունը վաղուց սկսվել է։ Եթե մեկ քայլ առաջ նայենք, ապա կարևոր է ոչ միայն քամու էներգիան, այլև՝ ջրածնի էներգիան»,- շեշտեց Շտայնմայերը։
Գերմանիայի նախագահն ընդգծեց՝ կարևոր է ոչ միայն վերականգնվող էներգիայի ստեղծումն, այլև այլ տարածաշրջաններ դրա փոխադրումն ու այդ նպատակով հաղորդակցությունների ստեղծումը։
«Եթե Հայաստանը կարող է այդպիսի ենթակառուցվածքներ ստեղծել, մենք դա ողջունում ենք»,-շեշտեց նա:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի համոզմամբ՝ հայ-գերմանական պատվիրակությունների միջև քննարկումներում չէին կարող չարծարծվել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, քանի որ ԵՄ-ի անդամ երկրներից հենց Գերմանիան է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալներով գտնվում առաջին տեղում։
«Քննարկումների ժամանակ առանձնահատուկ նշվել են նաև էներգետիկան և հատկապես՝ Կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները։ Մենք դրա մասին բավական մանրամասն քննարկումներ ենք ունեցել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերմանական KFW ֆինանսական կազմակերպության հետ արդեն ծրագիր կա՝ դեպի Վրաստան նոր հոսքագծի աշխատանքներն ավարտելու մասին»,-ասաց ՀՀ նախագահը։
Նրա խոսքով՝ տնտեսական հարցերը քննարկվել են ավելի լայն համատեքստում, մասնավորապես քննարկվել են Հարավային Կովկասից դեպի Եվրամիություն էլեկտրոէներգիա արտահանման հնարավորությունները։
«Քննարկումների ժամանակ մեր օրակարգում է դրվել նաև սևծովյան էլեկտրական մալուխի մասին հարցը։ Կարծում եմ, որ հետագայում Գերմանիայի Դաշնության օգնության և ԵՄ-ի գործընկերների աջակցության շնորհիվ մենք կարող ենք նաև դրա մաս կազմել, քանի որ այսօր Հայաստանի էներգահաշվեկշռում կանաչ էներգիայի հաշվեկշիռը մոտավորապես 40 տոկոս է, եթե ոչ ավելի, ու դա գնալով ավելանալու է։ Մենք նաև ավելցուկ էլեկտրոէներգիա ենք ունենալու և դրա արտահանման կարիք ունենք»,-իր խոսքում նշեց Վահագն Խաչատուրյանը։
Հայաստանի նախագահը հավելեց, որ քննարկումներում տեղ են զբաղեցրել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց ԵՄ-ն է տնտեսության զարգացման առումով վերանայում իր մոտեցումները՝ Հայաստանը կարող է օգտվել այդ նոր հնարավորություններից՝ օգտագործելով սեփական հզորությունները Գերմանիայի հետ համագործակցելու առումով։