
Ով պետք է առաջինը հաշտվի

Մի անգամ մի գյուղացի «ծանրակշիռ» պատճառներ ներկայացրեց հայր Հովելին, որոնք նրան խանգարում էին հաշտվել իր հարազատ եղբոր հետ.
– Հա՛յր, ես չեմ կարող առաջինը խոսել: Եղբայրս պետք է առաջինը խոսի, քանի որ նա է մեղավոր, այլ ոչ թե ես: Բացի այդ, նա կրտսերն է, իսկ ես ավագ եղբայրն եմ:
Հայր Հովելը հարցրեց.
– Հապա ասա, տեսնեմ, ո՞վ է մեծ՝ մենք, թե՞ Աստված:
– Այդ ի՞նչ հարց է, իհարկե՝ Աստված:
– Իսկ ո՞վ է ում դեմ մեղանչել՝ Աստված մեր դե՞մ, թե՞ մենք Աստծո:
– Մենք ենք Աստծո դեմ մեղանչել:
– Իսկ ո՞վ հաշտության քայլն արեց, մենք գնացի՞նք Աստծո մոտ, թե՞ Աստված եկավ մեզ մոտ:
– Աստվա՛ծ եկավ մեզ մոտ:
– Նշանակո՞ւմ է:
– Նշանակում է… Շնորհակալություն, հա՛յր, ճիշտ եք: Առաջինը ես կգնամ եղբորս մոտ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի