
Գյումրեցիների որոշման վրա այս ամենը չի ազդելու, գնալու են ու ընտրեն ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին. Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրու դեպքերի մասին

Մարտունին մի քանի օր առաջ զգուշացրել էի` շատ կանխատեսելի է օրվա իշխանությունների սցենարը, բացարձակ ոչ մի զարմանալի բան տեղի չի ունենում, հող են նախապատրաստում իրենց թեկնածուին այսօրվա դեբատներում այլ օրակարգերից խոսելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր թեկնածուների շտաբերում իրականացվող խուզարկություններին:
«Շատ ծիծաղելի է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում, զարմանալի չէ, 7 տարի է այդ միջավայրում ենք ապրում, ու ես ընդհանրապես չէի կասկածում, որ այսպես է լինելու»,- ասաց Մխիթարյանը:
Դիտարկմանը՝ երեկ ամբիոնից ինչ-որ մեկը խոսում էր ասֆալտին փռելուց, նա ասաց. «Իր մարմնի ջղաձգումները խոսում են այն մասին, որ այդ մարդը ճնշման տակ է, ԱՄՆ-ն ճնշում է, Գյումրու ընտրություններն ու ենթադրյալ արդյունքները ճնշում են, դե այդ մարդն ինչ-որ մի ձևով հոգեկան բավարարվածություն պե՞տք է ստանա»:
Մխիթարյանը հավաստիացրեց, որ գյումրեցիների որոշման վրա այս ամենը չի ազդելու: «Վստահ եմ ՝ ոչ մի տեսակի վախի մթնոլորտ Գյումրիում չի լինելու, որովհետև գյումրեցին վախկոտ չէ, ինչպես որոշել է, այնպես էլ մարտի 30-ին գնալու է ու ձայնը տա ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին: Եթե իրենց թվում է՝ Մարտունին կամ ինձ նման կերպ կարողանալու են ճնշել, մանկամիտ են»,- ասաց նա:
Ճշտող հարցին էլ՝ իր շտաբում դեռ ոչինչ չեն հայտնաբերե՞լ, Մխիթարյանն ասաց. «Դեռ ոչ՝ ոչ շիբին, ոչ տանկ, ոչ Հովիկ Աղազարյանի հեռախոսային զրույցներ դեռևս չեն հայտնաբերել, բայց կարող են գալ և հայտնաբերել»: