
Ի տարբերություն մեզնից շատերի, պարոն Աղազարյանը մի հետաքրքիր գիծ ունի՝ բոլորին պատասխանում է․ Բաբկեն Թունյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու, այնուհետև քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունների քննարկման ժամանակ հայտարարեց, թե իր համար «շատ տհաճ և անդուր պրոցես է»։
Նա նշեց, որ Հովիկ Աղազարյանի հետ 6 տարի կողք-կողքի են նստել, խորհուրդներով են փոխանակվել, բազում փորձությունների միջով անցել, բազում դեպքերում էլ միասին պատասխանատվություն վերցրել և այլն։ Թունյանը շեշտեց, որ ինքը միշտ Աղազարյանին համարել է ուղղախոս և բաց մարդ։
«Ի տարբերություն մեզնից շատերի, պարոն Աղազարյանը բնավորության մի գիծ ունի` բոլորի նամակներին, զանգերին պատասխանում է` անկախ այն բանից, որ կարող է անծանոթ համարներ լինեն։ Այս 6 տարում ես համոզվել եմ, որ նա միշտ փորձում է բոլորին օգտակար լինել։ Երևի այդ վերաբերմունքի պատճառով է երբեմն նման իրավիճակներում հայտնվում»,- ասաց Թունյանը։
Նա նաև ընդգծեց, որ ինչպես Վիլեն Գաբրիելյանի, այնպես էլ իր համար, բազում խնդիրներ կան այս գործում ու քննարկումների ընթացքում դրանք ոչ թե փարատվել են, այլ ավելացել։
Հիշեցնենք, որ պատգամավորը 2024 թ. դեկտեմբերի 3-ին հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։