«Ուսուցիչների մի մասին՝ խաբելով, մի մասին՝ համոզելով, տանում են Աննա Հակոբյանի հետ հանդիպումներին». Ատոմ Մխիթարյան

Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը շարունակում են իրենց «Կրթվելը նորաձև է» արշավը. Աննա Հակոբյանը բացատրում է, թե ինչո՞ւ է կրթությունը նորաձև, Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացնում է, այսպես կոչված, «իրական Հայաստանի» կոնցեպտը։ Վարդենիսից հետո Աննա Հակոբյանը որոշել է գնալ Քասախ ու այնտեղ կրթել մարդկանց։

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ ամեն անգամ Աննա Հակոբյանի անհասկանալի արշավից հետո իրեն զանգահարում են հատկապես ուսուցիչներ՝ ասելով, որ այդ ամբողջ արշավը շատ նման է քաղաքական նախընտրական քարոզարշավի։

«Ուսուցիչների մի մասին՝ խաբելով, մի մասին՝ համոզելով, տանում են այդ հանդիպումներին, ընդ որում՝ սա շատ նվաստացուցիչ է ուսուցիչների համար։

Այնտեղ ռիտուալի նման կրկնվող իրադարձություն է տեղի ունենում՝ բացում են Խորենացու «Ողբը», շատ կոնկրետ հատված կա, այդ հատվածն է ընթերցվում։ Այս բոլոր հանդիպումներին մասնակցում են տեղական իշխանության ներկայացուցիչներ, քաղաքական ու վարչական լծակներ ունեցողներ, որոնք ամբողջ ընթացքում հետևում են մասնակիցների պահվածքին, հետո հայտարարում են, թե կանեն իրենց հետևությունները։ Այսինքն՝ այս ամենը շատ նման է սկսվող քաղաքական քարոզարշավի, որը նպատակ ունի գնալու խորհրդարանական հաջորդ ընտրություններին»,168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Աննա Հակոբյանի արշավին մասնակցած ուսուցիչների հիմնական եզրակացությունը, որն անում են, արտահայտում են մեկ նախադասությամբ. «Ո՞վ էլ խոսի կրթության մասին»։

Այսինքն՝ կրթության մասին պետք է խոսի այնպիսի մարդ, որը որոշակի հետագիծ ունի կրթության մեջ, կրթվելով հասել է որոշակի արդյունքների, ունի հասարակական ակնածանք, մարդիկ ուզում են նմանվել նրան, և այլն։

«Այս արշավը հակառակ արդյունք է տալիս, որովհետև մարդը, որը կրթության մեջ հաջողություններ չունի, մեկն առհասարակ չի ավարտել բուհը։ Մեր օրերում ոստիկանը, որը չունի բարձրագույն կրթություն, բայց կարող է 2 անգամ ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան գյուղի դպրոցի ուսուցիչը, որին գնում ու ասում են՝ գիտես, հիմա կրթվելը նորաձև է՝ աբսուրդ է, որովհետև մարդը մտածում է՝ ավելի լավ է առանց կրթության դառնալ ոստիկան ու բարձր աշխատավարձ ստանալ»,- շեշտեց կրթության փորձագետը։

Մեր զրուցակիցը նաև հավելեց՝ եթե ինչ-որ բան նորաձև է, դա նշանակում է, որ դրա ժամանակն անցնելու է, որովհետև որևէ բան անընդհատ չի կարող լինել նորաձև։

«Նորաձևությունն այն է, որ ինչ-որ շրջան արդիական է, հետո դառնում է ոչ պետքական։ Այս արշավն էլ նորաձև կլինի մինչև 2026 թվականը, որից հետո այլևս նորաձև չի լինի։ Սա շատ վնասակար ազդեցություն ունի մարդկանց հոգեբանության ու մտածելակերպի վրա, այս ամենն աշխատում է հակառակ կրթությանը»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը։

Տեսանյութեր

Լրահոս