«Ո՞նց է ստացվում, որ բոլոր Սերժին մերժողներն այսօր Քոչարյանի կողմնակիցներն են». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունները վերնագրային քաղաքականություն են վարում:

«Սա վերնագրերի իշխանություն է. իրենք սիրում են վերնագրեր: Կարող է մեջը բան չլինել, բայց այդ վերնագիրը մի անգամ գրեն, դրանով բավարարվեն: Որոշակի զանգված այդ վերնագրերին ծափահարում է: Ինչպես «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունն էր, այդպես էլ դարձել է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ վերնագրերի պետություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Վահան Բաբայանի խոսքով՝ Հայաստանում կան ուժեր, որոնք հայտարարում են, թե դեմ են իշխանություններին, բայց ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր պայքարում են Սերժ Սարգսյանի դեմ. «Եթե իրենք ընդդիմություն են, իրենց հիմնական թիրախը թողած՝ խոսքն ուղղում են Սերժ Սարգսյանի հասցեին, և շատ անգամ աբսուրդային, անհեթեթ և անտրամաբանական ուղղություններով, իրենք ի՞նչ ընդդիմություն: Ես՝ որպես ընդդիմադիր գործիչ, երբևէ ինձ թույլ տվե՞լ եմ Ռոբերտ Քոչարյանին քննադատել: Երբևէ ասե՞լ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին էս է եղել, էն է եղել. իհարկե ոչ, որովհետև իրենք էլ են ընդդիմություն: Ո՞նց է ստացվում, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների, իր պատգամավորների թեման առավոտից երեկո Սերժ Սարգսյանն է:

Կարդացեք նաև

Ես նույնիսկ չեմ զարմանա, որ «Հայաստան» դաշինքը դա կլինի, Քոչարյանի պատգամավորները դա կլինեն, չգիտեմ՝ արդեն այնտեղ ով ում բարեկամն է, վաղը քննիչ հանձնաժողով ստեղծեն՝ ով բերեց Նիկոլին, ու մեղադրանքներ ներկայացնեն Սերժ Սարգսյանին: Չեմ զարմանա, որ դա նախաձեռնեն իրենք: Բայց մի զարմանալի բան կա այստեղ. Այդ հանձնաժողովը եթե նախաձեռնվի, իրենք իրենց են հայտնաբերելու, որովհետև իրենք էլ են եղել այդ հրապարակներում: Ո՞նց է ստացվում, որ բոլոր Սերժին մերժողներն այսօր Քոչարյանի կողմնակիցներն են»:

Նա Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին հարց ուղղեց. «Իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության: Էդ ի՞նչ քաղաքական սխեմա եք կառուցում, որ անպայման ինքը պետք է վերադառնա ու միայն ինքը պետք է լինի: Հասկանում եմ, որ իրենք իրենց քաղաքական խնդիրներն են լուծում, բայց կներեք, զբաղվեք ձեր քաղաքական խնդիրներով, ձեր ծրագրերն առաջ քաշեք, պայքարեք, թող ձեր թեկնածուն ուզում է՝ վերադառնա, թող գնա ընտրություններով հաղթի, դուք ինչո՞ւ եք թիրախավորում Երրորդ նախագահին, ինչո՞ւ եք սուտ բաներ տարածում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս