Թրամփը հրապարակեց Քենեդու սպանության նոր փաստաթղթեր․ ի՞նչ են բացահայտում դրանք (փաստաթղթեր)

Նախագահի պաշտոնը ստանձնելիս՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հրապարակել և գաղտնազերծել ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանության հետ կապված և տակավին գաղտնի պահվող փաստաթղթերը՝ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահի մահվանից ավելի քան 60 տարի անց։

Մարտի 18-ին ԱՄՆ Ազգային արխիվի կայքում հրապարակվեցին նոր փաստաթղթերը։ Ըստ ամերիկյան վերլուծաբանների, որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի Քենեդու սպանությունն ուսումնասիրող մասնագետներն ուսումնասիրեն դրանք: Միևնույն ժամանակ փորձագետները չեն ակնկալում, որ նոր փաստաթղթերը սկզբունքորեն նոր բացահայտումներ կպարունակեն, քանի որ փաստաթղթեր նախկինում ևս հրապարակվել են։ Թրամփի հաշվարկներով՝ խոսքը մոտավորապես 80.000 էջի հրապարակման մասին է։

«Դուք շատ բան ունեք ընթերցելու»,- փաստաթղթերի հրապարակման նախօրեին ասել էր Թրամփը։

Կարդացեք նաև

Ինչպես հայտնի է, Վորենի հանձնաժողովը (The Warren Commission), որը հետաքննում էր ԱՄՆ 46-ամյա նախագահի սպանությունը, եկել էր այն եզրահանգման, որ սպանությունն իրականացրել էր նախկին ծովային հետևակային, դիպուկահար Լի Հարվի Օսվալդը։

Սակայն պաշտոնական այդ եզրակացությունն ամենևին չվերացրեց այն կասկածներն ու ենթադրությունները, թե Տեխաս նահանգի Դալաս քաղաքում տեղի ունեցած Քենեդիի սպանության հետևում դավադրություն է եղել։ Հաջորդած տասնամյակներում ԱՄՆ կառավարության կողմից փաստաթղթերի աստիճանական հրապարակումը է՛լ ավելի է խորացրել կասկածները։

Թրամփը համապատասխան կարգադրությունը ստորագրեց երդմնակալությունից մի քանի օր անց` հունվարի 23-ին, նաև պետք է հրապարակվեին փաստաթղթեր Ջոն Ֆիցջերալդ Քենեդու կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդու և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգ-կրտսերի սպանությունների վերաբերյալ։ Երկուսին էլ սպանել էին 1968 թվականին։

«Մեծ բան է։ Շատ մարդիկ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ սպասել են սրան»,- լրագրողներին դիմել էր Թրամփը՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում կարգադրությունը ստորագրելիս։

Թրամփի ստորագրած կարգադրության համաձայն՝ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանությանն առնչվող գաղտնի փաստաթղթերը պետք է «լիարժեք և ամբողջական տեսքով հրապարակվեն»՝ առանց որևէ խմբագրումների։ Դոնալդ Թրամփը դեռ 2017 թվականին էր համաձայնել հրապարակել այդ փաստաթղթերը։

«Պետական շահերից է բխում այդ սպանություններին առնչվող բոլոր գրառումներն առանց հապաղելու վերջնականապես հրապարակելը»,- ասված էր նախագահական կարգադրությունում։

Նախորդ տարիներին ԱՄՆ Ազգային արխիվը հրապարակել է տասնյակ-հազարավոր արձանագրություններ՝ կապված 1963 թվականի նոյեմբերի 22-ին նախագահ Քենեդիի սպանության հետ, սակայն տակավին փակի տակ էին հազարավոր այլ փաստաթղթեր՝ այն պատճառաբանությամբ, թե դրանց հրապարակումն ազգային անվտանգության խնդիրներ կստեղծի։ 2022 թվականի դեկտեմբերին՝ փաստաթղթերի նախորդ լայնածավալ հրապարակման ժամանակ, ասվել էր, թե դրանց 97%-ը (մոտ 5 միլիոն էջ) արդեն հրապարակվել է։

Իսրայելական ռուսալեզու 9TV-ն գրում է, որ արդեն հասանելի փաստաթղթերի թվում կան գաղտնի հուշագրեր, ձեռագիր գրառումներ և մեքենագրված զեկույցներ, որոնք պարունակում են տեղեկատվություն Լի Հարվի Օսվալդի գործունեության մասին, ներառյալ՝ նրա շփումները Կուբայի և խորհրդային հետախուզության հետ: Փաստաթղթերից մեկում նշվում է, որ Օսվալդը համարվում էր «վատ հրաձիգ»:

Իսկ ռուսական SVTV-ն գրում է, որ սպանության հետաքննության ֆայլերի մի քանի էջեր հատուկ նշում են փաստաթղթերը խմբագրելու անհրաժեշտության մասին՝ դրանցում Իսրայելի և իսրայելական հետախուզական ծառայությունների մասին հիշատակումները թաքցնելու նպատակով։

«Փաստաթղթերը վերաբերում են 1954-1975 թվականներին ԿՀՎ-ի հակահետախուզական ծառայության ղեկավար Ջեյմս Անջելթոնի գործունեությանը: Ի թիվս այլ հարցերի, նա վերահսկում էր ԿՀՎ-ի և իսրայելական հետախուզության Մոսադի միջև կապը:

Քենեդու սպանության հայտնի այլընտրանքային տարբերակն այն է, որ Դալասում կրակոցները կազմակերպվել են իսրայելական հետախուզական ծառայությունների կողմից՝ Իսրայելի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու Քենեդու ցանկության պատճառով: Այս վարկածը հայտնի դարձավ Մայքլ Քոլինս Փայփերի «Վերջնական դատաստան» գրքի շնորհիվ, որը պնդում է, որ ԱՄՆ նախագահի սպանությունը կազմակերպել է Իսրայելի վարչապետ Դեյվիդ Բեն Գուրիոնը։

Փայփերը նաև առաջարկել էր իսրայելական հետախուզական ծառայության՝ Մոսադի և ամերիկյան կազմակերպված հանցավորության մասնակցությունն այս դավադրությանը»,- ասված էր այս լրատվամիջոցի անդրադարձում։

Այս վարկածն առաջ են մղում և փաստաթղթերից որոշ հատվածներ են հրապարակում նաև իրանական ԶԼՄ-ները, թեև մասնագետները նշում են, որ դրանցում որևէ նոր բացահայտում կարծես չկա։ Newarab պարբերականն էլ «Թրամփի գաղտնազերծված Քենեդու ֆայլերը. ո՞րն է կապը Իսրայելի հետ» վերտառությամբ հոդվածում գրում է սպանության իսրայելական վարկածի մասին։

«Քենեդին, ըստ դավադրության, վախենում էր, որ Իսրայելը միջուկային զենք ձեռք բերելը կհանգեցնի իր արաբ հակառակորդների միջուկային սպառազինությունների մրցավազքի՝ մեծացնելով միջուկային պատերազմի հավանականությունը»,- գրել է պարբերականը՝ շարունակելով, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության արխիվի կողմից 2016 թվականին հրապարակված փաստաթղթերից պարզվել էր, որ Քենեդին ցանկանում էր ուշադիր հետևել Իսրայելի Dimona միջուկային օբյեկտին և ճնշում գործադրել Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Դեյվիդ Բեն-Գուրիոնի կառավարության վրա՝ թույլ չտալու Իսրայելին միջուկային զենք ձեռք բերել:

«Քենեդին ավելի, քան 1945 թվականից ի վեր ցանկացած այլ նախագահ, զենքի չտարածման հիմնական և անկեղծ ջատագովն էր։ Այս մոտեցումը վերաբերում էր նաև Իսրայելին։ Այնուամենայնիվ, Քենեդու սպանությանն առնչվող փաստաթղթերից որևէ մեկում, ներառյալ՝ Թրամփի կողմից այս շաբաթ հրապարակված փաստաթղթերում, ոչ մի կտոր ապացույց չի հայտնաբերվել, որոնք կապում են Իսրայելին Քենեդու սպանության մեջ որևէ դեր խաղալու հետ»,- գրում է այս լրատվամիջոցը՝ նշելով, որ կասկածները կան, իսկ ապացույցներ՝ ոչ։

Ամենատարածված «վարկածի» համաձայն՝ նախագահի սպանության հետևում կանգնած են ամերիկյան էլիտաների լայն շրջանակներ (խորքային պետությունը՝ ՀԴԲ-ի, ԿՀՎ-ի և այլոց հետ միասին): Ըստ մասնագետների, նախկինում հրապարակված փաստաթղթերից, մասնավորապես, հայտնի էր դարձել, որ Օսվալդը ԽՍՀՄ-ից վերադառնալուց հետո սերտ կապեր է պահպանել КГБ-ի հետ և Քենեդու սպանությունից երկու ամիս առաջ գնացել էր Մեքսիկա՝ կուբացի դիվանագետների և խորհրդային հետախուզության գործակալների հետ հանդիպման։

Ինչպես գրում է 9TV-ն, հրապարակված փաստաթղթերի թվում կան նաև ֆայլեր, որոնք առնչվում են ԿՀՎ-ի գաղտնի «Մանգուստ» օպերացիային, որը վերաբերում է Ֆիդել Կաստրոյի ռեժիմը տապալելուն:

«Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, շատ հետազոտողներ հիասթափված մնացին ֆայլերի հրապարակումից հետո. շատ փաստաթղթեր խունացած էին, վատ սկանավորված և անհնար էր կարդալ: Մյուսները ձեռագիր գրառումներ են, որոնք ամբողջովին անընթեռնելի են կամ պարունակում են խզբզանքներ»,- գրում է պարբերականը՝ շարունակելով, որ հետազոտողները նշում են՝ հրապարակված փաստաթղթերից շատերը և գուցե նույնիսկ մեծ մասը, նախկինում այս կամ այն ​​ձևով հասանելի են եղել հանրությանը:

Տեսանյութեր

Լրահոս