
Կրոստատա՝ բալով

Բաղադրիչները՝
- 450 գ բալ
- 1/2 բաժակ շաքարավազ
- մի պտղունց աղացած դարչին
Խմորի համար
- 300 գ ալյուր
- 2/3 բաժակ շաքարավազ
- 100 գ կարագ
- 1 ձու
- 1 ձվի դեղնուց
- 1 կիտրոնի հյութ
- 2 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
Ալյուրից, շաքարավազից, փափկեցրած կարագից, ձիթապտղի ձեթից, ձվից ու ձվի դեղնուցի կեսից, կիտրոնի հյութից ու մի փոքր աղից խմոր հունցեք: Խմորն արագ հունցեք, ապա փաթաթեք ու 1 ժամով տեղադրեք սառնարանում:
Բալի կորիզները հեռացրեք, պտուղները տեղադրեք խորը թավայի մեջ, ավելացրեք շաքարն ու թույլ կրակի վրա եփեք, մինչև մուրաբայի տեսք ստանալը՝ մոտ 15-20 րոպե: Թողեք՝ մի փոքր հովանա:
Տապակը պատեք կարագով ու վրան ալյուր ցանեք: Բացեք խմորի 2/3-րդն ու փռեք տապակի հատակին, վրան պատառաքաղով անցքեր արեք: Բացված խմորի վրա լցրեք բալային միջուկը ու տարածեք խմորի ողջ մակերեսին:
Մնացած խմորից շերտեր արեք ու դրանք տեղադրեք բալային միջուկի վրա՝ ցանցի տեսք տալով: Դեղնուցի մնացած կեսը խառնեք 2 ճ.գ. ջրի հետ ու այդ խառնուրդը քսեք կարկանդակին: Կարկանդակը 40-50 րոպեով տեղադրեք 180 աստիճան տաքության ջեռոցում: Պատրաստի կարկանդակը դրեք սկուտեղի վրա, թողեք լրիվ հովանա (մոտ 1 ժամ) ու մատուցեք:
Խորհուրդ: Եթե ձեռքի տակ միայն սառեցրած բալ կա, կարող եք կարկանդակը նաև նրանով պատրաստել: