«Ադրբեջանի պահանջները հետո շարունակվելու են, բարձրացվելու է «միջանցքի», ադրբեջանցի փախստականների ու «անկլավների» հարցը». Գարիկ Քեռյան

Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ հայկական կողմի հետ ավարտվել են բանակցությունները։

«Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Հաջորդիվ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր Սահմանադրության մեջ»,- ասել էր Բայրամովը։

Բայրամովի այս հայտարարությունից ժամեր անց ՀՀ արտգործնախարարությունը ևս պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով.

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին»։

Կարդացեք նաև

Երեկ ՔՊ վարչության նիստից առաջ էլ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ «խաղաղության պայմանագրի» տեքստն իրենց երազանքների տեքստը չէ, բայց ընդունելի է։

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի խոսքով՝ եթե ուժային կենտրոնների ճնշումների ներքո Ադրբեջանը բավարարվի իր ստացածով, գուցե այդ փաստաթուղթը Հայաստանի համար ապահովի խաղաղություն, բայց նա վստահ է, որ այդպես չի լինելու, և Ադրբեջանն առաջ է քաշելու նորանոր պահանջներ։

«Ադրբեջանի պահանջները հետո կրկին շարունակվելու են, մանավանդ, խոսքը չի վերաբերում արդեն պայմանագրի կնքման փաստին, այլ այդ պայմանագրում տեղ գտած հոդվածների համաձայնեցմանը։

Երեկ Նիկոլ Փաշինանն ասաց, որ հաջորդ փուլում պետք է սկսվեն պայմանագրի կնքման բանակցությունները, տեղի, օրվա ճշգրտման համար։ Չի բացառվում, որ մինչև այդ պահը, որոշակի ժամանակահատված անցնի, թեկուզ 1-3 ամիս, ի հայտ գան տարածաշրջանային նոր իրողություններ, և Ադրբեջանը նոր պահանջներ առաջադրի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գարիկ Քեռյանը։

Նրա խոսքով՝ երեկ հայտնի դարձավ՝ «խաղաղության պայմանագրի» վերջին 2 հոդվածներն ինչի մասին են, սակայն հայտնի չեն մյուս 15 հոդվածները, հետևաբար՝ խաղաղության մասին խոսելը դժվար է։

«Ես գիտեմ՝ հետո կրկին բարձրացվելու է «միջանցքի», ադրբեջանցի փախստականների ու «անկլավների» հարցը, շատ ավելի բարդ հարցեր կան, քան, օրինակ, ԵՄ դիտորդների և միջազգային գանգատների հարցն է։

Թող Ադրբեջանին հստակ ասեն՝ գույքագրի ու ներկայացնի իր հստակ պահանջները, որպեսզի Հայաստանը կողմնորոշվի՝ այդ պահանջներով նման պայմանագիր իրեն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։ Իսկ եթե այսպես են շարունակելու, հնարավոր է՝ մինչև 3000 թվական նման պայմանագիր չստորագրվի։

Իհարկե, Հայաստանն էլ իր պահանջները՝ հակապահանջները պետք է ձևակերպի, բայց սա արդեն բանակցություններին մասնակցող մարդիկ պետք է ասեն, քանի որ մենք չգիտենք  Ադրբեջանի պահանջների ցուցակի մասին, որպեսզի ասենք՝ դրանց հակապահանջները որո՞նք պետք է լինեն։ Չնայած Ադրբեջանի պահանջները մեծ մասով ասացի՝ դա ակնհայտ է»,- ընդգծեց Գարիկ Քեռյանը։

Տեսանյութեր

Լրահոս