
Ալիևը մտահոգված է, որ Փաշինյանի իշխանությունը կարող է տապալվել. Ադրբեջանի քարոզչական արշավն ուղղակի կապ ունի ՀՀ սպասվելիք ներքաղաքական զարգացումների հետ. Վիտալի Մանգասարյան

Մարտի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական համազգեստով այցելել էր Կուրսկի մարզ և խորհրդակցություն անցկացրել Կուրսկի խմբավորման կառավարման կետում, ավելին, հրահանգել վերջնականապես ոչնչացնել այդտեղ առկա իրենց հակառակորդին։
Իսկ մարտի 13-ին «ՌԻԱ Նովոստին» հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանագնացը պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին համաձայնագիրը:
Իսկ թե ինչ ազդեցություն կունենա ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական հաղթանակը Հարավային Կովկասի վրա, Հայաստանի կամ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի վրա, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ:
– Ռուս-ուկրաինական պատերազմը ներկայումս Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնային հարցն է։ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ուկրաինական ճակատում հաղթանակը ռազմավարական առաջնահերթություն է, և այդ հարցում բարենպաստ արդյունքների հասնելուց հետո Մոսկվան ավելի մեծ էներգիա կուղղի այլ տարածաշրջաններ, ներառյալ՝ Հարավային Կովկաս։ Այս համատեքստում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները կարող են լինել բազմաշերտ և խորը։ Ուկրաինական ճակատում հաջողության հասնելու դեպքում Ռուսաստանը, կարծում եմ, կվերանայի իր դերն Արցախի հարցում՝ փորձելով ապահովել սեփական շահերը։
Եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում և կարողանա գոնե միջնաժամկետ կտրվածքում իր ռազմավարական նպատակներին հասնել, ապա նրա ռազմական ներուժի մի մասը կարող է ուղղվել դեպի Հարավային Կովկաս՝ ավելի մեծ վերահսկողություն ապահովելու համար, չեմ բացառում, որ այդ ամենի մասին համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն ԱՄՆ-ի հետ, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, կարելի է ասել, ԱՄՆ-ի գործող վարչախմբի հետ արդյունավետ չի կարողանում աշխատել և սահմանափակվում է միայն Սպիտակ տանը սելֆիներ իրականացնելով։
Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար կենսական է հարաբերությունները գոնե չփչացնել խոշոր խաղացողների հետ, սակայն, ցավոք սրտի, շատ դեպքերում ականատես ենք լինում տրամագծորեն հակառակ երևույթների։
– Մեր տարածաշրջանում ի՞նչ տեսակ ռազմական սադրանքներ են հնարավոր, ավելի ճիշտ՝ ո՞ւմ դեմ` Իրանի՞, թե՞ Հայաստանի:
– Տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակը գտնվում է լարված դինամիկայի մեջ, և, բնականաբար, խոշոր դերակատարները մշտապես ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը։ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև միջուկային ծրագրի շուրջ լարվածության աճը, տարիների ընթացքում կարող են հանգեցնել բախումների կամ գոնե կիբերպատերազմի ուժեղացման։
Այս ամենի համար նպաստավոր միջավայր են ստեղծում նաև Իրանում ընթացող ներքին լարվածությունները՝ կապված տնտեսական դժվարությունների, ազգային փոքրամասնությունների ընդվզումների և ընդդիմության ակտիվացման հետ, և դրանք կարող են «խրախուսել» արտաքին դերակատարներին՝ ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա։
Իսրայելը բազմիցս ընդգծել է, որ թույլ չի տա Իրանի միջուկային ծրագրի զարգացումը, և այս ուղղությամբ հնարավոր են օդային հարվածներ Իրանի ռազմական և միջուկային օբյեկտների վրա։ Սա, իմ կարծիքով, տեղի կունենա Իսրայելի ձեռամբ, բնականաբար, ԱՄՆ հովանոցի ներքո։
Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել՝ որքան էլ ԱՄՆ-ից պարբերաբար տեղեկություններ են գալիս այս կամ այն հիմնադրամների ֆինանսավորումները դադարեցնելու մասին, սակայն ԱՄՆ-ի համագործակցությունը Իսրայելի հետ չի տուժել, և պատահական չէ, որ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման հենց առաջին օրերին Սպիտակ տանն ընդունեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ինչը, կարծում եմ, ազդակ էր Իսրայելի հետ խնդիրներ ունեցող երկրներին՝ մասնավորապես Իրանին։
Բնականաբար, Իսրայելն Իրանի դեմ գործողություններ իրականացնելու պարագայում խաղի մեջ է փորձելու ներքաշել Ադրբեջանին, և դա արդեն իսկ ինտենսիվ անում է: Ուստի պատահական չէ, որ պարբերաբար իրանական մամուլում հայտնվում են տեղեկություններ այն մասին, որ Իսրայելն օգտագործելով ադրբեջանական ենթակառուցվածքները՝ Իրանի դեմ հետախուզական գործողություններ է իրականացնում: Այսպիսով, Իրանը ժամանակ առ ժամանակ Բաքվին հասկացնում է, որ տիրապետում է իրավիճակին և փորձում է հնարավորության սահմաններում զսպել։
– Իսկ Հայաստանի դեմ հարձակումը որքանո՞վ է հնարավոր, ադրբեջանական քարոզչամեքենան հերթական արշավն է սկսել, https://168.am/2025/03/12/2181492.html և անգամ պատերազմի սկսման ամիսն է նշել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մերձակա ադրբեջանական լրատվամիջոցը, թե իբր «Հայաստանը կարող է ապրիլին Ադրբեջանի դեմ պատերազմ սադրել»:
– Այո, վերջին շրջանում ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն տարածում է տեղեկատվություն այն մասին, թե իբր այս տարվա ապրիլին Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Այս քարոզչական արշավն ուղղակի կապ ունի Հայաստանում սպասվող ներքաղաքական զարգացումների հետ և վկայում է Բաքվի լուրջ անհանգստությունների մասին։
Ադրբեջանի ղեկավարությունն ակնհայտորեն մտահոգված է, որ Հայաստանում գործող իշխանությունը կարող է տապալվել։ Այս սցենարը Բաքվի համար խիստ անցանկալի է, քանի որ ներկայիս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ադրբեջանի համար ամենաանվտանգ տարբերակն է։ Այսինքն, Ադրբեջանի շահերից է բխում, որ Հայաստանում իշխանության մնա մի կառավարություն, որը չի սպառնում նրանց ռազմավարական շահերին: Փաշինյանի իշխանությունը խաղաղության անվան տակ շարունակում է զիջողական քաղաքականություն վարել, և, բնականաբար, Ադրբեջանը շահագրգռված է, որ փաշինյանական իշխանությունը մնա:
Իսկ նմանօրինակ տեղեկատվական արշավներով Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանում պառակտում և խուճապ սերմանել, որպեսզի ընդդիմադիր ուժերը խուսափեն ակտիվ գործողություններից՝ վախենալով նոր պատերազմի վտանգից։
Նպատակ կա նաև միջազգային հանրությանը նախապատրաստել հնարավոր ապագա սադրանքների համար, որ Հայաստանը ներկայացվի՝ որպես ագրեսոր։
Կարճ ասած՝ վստահ եմ, որ ադրբեջանական քարոզչական արշավը բացառապես նպատակ ունի Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի խորացման դեպքում «օգնության հասնելու» հող նախապատրաստել, քանի որ մինչ այս պահը Բաքվի համար կարևոր հարցերը, ինչպես ասում են, հերթով, շարքով, կարգով լուծում են ստանում։
– Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն անընդհատ նոր որակ են ստանում, օրինակ, վերջին շրջանում խոսում են նաև Ադրբեջանի ներգրավման մասին «Աբրահամի համաձայնագրում», իսկ Թուրքիան Իսրայելի հետ խնդիրներ ունի:
Այս համատեքստում ի՞նչ գործողություն սպասել Իրանի դեմ, թեպետ Թուրքիան ևս Իրանի հետ խնդիր ունի, մի կողմ ենք դնում դեռ ԱՄՆ-ի որոշակի հարցերում տարաձայնությունները մեր հարևան երկրի հետ:
– Իսրայելը և Ադրբեջանը տարիներ շարունակ խորացնում են իրենց ռազմավարական կապերը, ինչը հիմնականում պայմանավորված է երկու գործոնով՝
1. Ադրբեջանն Իսրայելից ստանում է առաջադեմ սպառազինություն, որն ապացուցել է իր արդյունավետությունը հատկապես 2020-ի պատերազմում։
2․ Իսրայելը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար։
Իսկ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները վերջին տարիներին բազմիցս սրվել են, հատկապես պաղեստինյան հակամարտության և տարածաշրջանային քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Սակայն, տնտեսական ու էներգետիկ շահերը ստիպում են երկու երկրներին որոշ չափով հավասարակշռել հարաբերությունները։ Բայց Իրանը տարածաշրջանում շարունակում է ընկալվել որպես հիմնական սպառնալիք՝ թե՛ Իսրայելի, թե՛ ԱՄՆ-ի կողմից, և թեև առաջին հայացքից թվում է, որ այսօր ԱՄՆ-ի առաջնահերթություններն այլ են՝ ուկրաինական պատերազմ, Չինաստանի հակակշռում, ներքին խնդիրներ, սակայն կարծում եմ, որ միջնաժամկետ և հատկապես երկարաժամկետ ժամանակահատվածում ԱՄՆ-ը հետաքրքրված է Իրանի դեմ ավելի ակտիվ գործելու, կրկնում եմ, Իսրայելի «ձեռքով»:
– ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վերականգնումն ի՞նչ կտա Հայաստանին՝ հատկապես անվտանգային առումով:
– Չեմ կարծում, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները շատ արագ կվերականգնվեն, որպեսզի մենք էլ մտածենք մեր շահերի մասին, Հայաստանն ավելի շուտ պետք է կարողանա այնպես դիրքավորվել, որ գերտերությունների բախումների խաչմերուկ չդառնա։
– ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը, Արտաքին հետախուզությունն այսօր ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն, արտաքին ի՞նչ գործոնների։ 2020 թվականի պատերազմից հետո իշխանություններն ու մերձիշխանական քարոզիչներն արտաքին հետախուզական ծառայություն չունենալը լուրջ բաց էին համարում 44-օրյայի համատեքստում: Այսօր խնդիրները վերացվա՞ծ են այս առումով, եթե անգամ դե յուրե և դե ֆակտո այդպիսի կառույց գոյություն ունի:
– Հայաստանի ազգային անվտանգությունը ներկայումս պահանջում է առավել խորքային և ռազմավարական մոտեցում արտաքին հետախուզության զարգացման հարցում։ Տարածաշրջանային իրադրությունը շարունակում է մնալ լարված, և յուրաքանչյուր առանցքային իրադարձություն կարող է ունենալ լուրջ ազդեցություն երկրի կայունության վրա։
Ավելին, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ծրագրերը շարունակում են մնալ Հայաստանի համար առաջնային մարտահրավերներից մեկը։ Ադրբեջանի զինված ուժերի արդիականացումը, ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ, ինչպես նաև նրանց համատեղ զորավարժությունները պահանջում են խորը հետախուզական մոնիտորինգ։ Նման գործողությունները հնարավորություն կտան կանխատեսել հակառակորդի հնարավոր քայլերը և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։
Սակայն խոսել այս ամենի մասին, երբ փաստացի չունենք Ազգային անվտանգության ռազմավարություն, և աստված գիտի՝ երբ կունենանք, իսկ ունենալու պարագայում էլ մեծ հարց է՝ ինչ որակով, բովանդակությամբ, կարծում եմ՝ ժամանակավրեպ է։
– Դուք՝ որպես ռազմական վելուծաբան, փորձագետ, ինչպե՞ս եք ընկալում ՀՀ ղեկավար դեմքերի հայտարարությունը, թե Հայաստանը ձեռք բերած սպառազինությունը 3-րդ երկրի դեմ չի կիրառի, սա մասնագիտական քննադատության կդիմանա՞:
– Ցավոք սրտի, մերօրյա իրականության մեջ նմանօրինակ ձևակերպումները, որը հատկապես տեղի է ունենում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, միջին վիճակագրական քաղաքացին ընկալում է հետևյալ կերպ․ «ինչ էլ լինի՝ մեկ է, մենք այդ սպառազինությունը անգարներից չենք հանելու», և այս ընկալումը, բնականաբար, թուլացնում է և՛ մեր հասարակության իմունիտետը, և՛ բացասական ազդեցություն է ունենում մեր ԶՈՒ-ի վրա առհասարակ։
Եթե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ուզում են ասել, որ Հայաստանն իր ձեռք բերած սպառազինությունը կկիրառի միայն պաշտպանության նպատակներով, ապա սա ընդհանուր առմամբ համահունչ է միջազգային անվտանգության սկզբունքներին։
Ասեմ ավելին, Հայաստանը երբեք, բացի պաշտպանական նպատակներից և իր հայրենակիցների անվտանգությունն ապահովելուց, երբեք այլ բան չի արել, հակառակ դեպքում առնվազն պատժամիջոցների տարբեր փաթեթներ կկիրառվեր Հայաստանի նկատմամբ:
Ինչ վերաբերում է մասնագիտական մեկնաբանությանը, եթե որևէ երկիր ձեռք է բերում զենք, այն տրամաբանորեն պետք է նախատեսված լինի ցանկացած հնարավոր հակառակորդի դեմ՝ անկախ նրա դասակարգումից:
Ռազմագիտական տեսանկյունից պետությունը պետք է ունենա ճկունություն և գործողությունների ազատություն իր ձեռք բերած սպառազինությունը կիրառելու հարցում՝ ելնելով իր ազգային անվտանգության կարիքներից։