
Ալիևի և Փաշինյանի քաղաքական հետապնդումների նոր ալիքը

2018-ի «հեղափոխություն» կոչվածից հետո Նիկոլ Փաշինյանը քաղաքական հետապնդումների է ենթարկում ընդդիմությանը, քաղաքական ընդդիմախոսներին: Քաղաքական հաշվեհարդարներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և այլ քաղաքական և հանրային գործիչների դեմ:
Երեկ հայտնի դարձավ, որ իշխանությունները նոր թափով քաղաքական հետապնդումներ են սկսել հենց ՀՀԿ-ի դեմ։ Նախ հայտարարվեց, թե «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նոր մեղադրանք է ներկայացվել Սերժ Սարգսյանին: Այնուհետև ԱԺ-ից տեղեկություն տարածվեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Հրապարակվել է նաև ՀՀ ԱԺ որոշումը, որում նշված է, որ ԱԺ-ն տալիս է համաձայնությունը, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը երեկ այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ 8-րդ գումարման Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ շուրջ 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով ներկայացված քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։
Վերահաստատում ենք, որ այս գործընթացը Հայաստանում ընդդիմադիր գործիչների դեմ իրավապահ համակարգի ապօրինի օգտագործման ևս մեկ օրինակ է։ Փաստ, որն արձանագրվել է միջազգային մի շարք կազմակերպությունների զեկույցներում և բանաձևերում։
Արձանագրում ենք նաև, որ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ ԳՄ մյուս անդամների և ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական արարի ժամանակագրությունը պայմանավորված է երկու հիմնական հանգամանքներով.
- շուրջ յոթ տարի առաջ սկսված շինծու քրեական գործերի հարուցման շարանի երկարաձգում՝ քաղաքական հետապնդման նոր ուղիներ հորինելու նպատակով,
- կառավարիչների առաջիկա հակապետական զիջողական գործողություններից հանրության ուշադրության շեղելը՝ փորձելով սահմանափակել նաև այդ գործողությունների դեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության պայքարը։
Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում այսօրվա կառավարիչները սխալվել են իրենց նենգ հաշվարկների մեջ՝ հայրենասերների արդար պայքարն ու մոտալուտ հաղթանակը կասեցնել հնարավոր չէ»։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ 2023 թվականի հունիսից է շինծու գործով գտնվում կալանքի տակ (2024թ. սեպտեմբերից՝ տնային կալանքի ռեժիմում): Փաշինյանին պետք է, որ Աշոտյանը մնա կալանքի տակ, դատարանն օրեր առաջ դարձյալ երկարաձգեց կալանքը՝ մերժելով խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
Հետաքրքիր «զուգադիպությամբ»՝ Ադրբեջանում հայ գերիների դատական ֆարսի ֆոնին Բաքուն օրեր առաջ Նիկոլ Փաշինյանին «համագործակցության առաջարկ» է արել: Մասնավորապես, Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը նշել է, թե ՀՀ-ն պետք է հանձնի նրանց, ովքեր «մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ»: Ոչ Արարատ Միրզոյանը, ոչ Փաշինյանը կամ որևէ ուսապարկ-ՔՊ-ական դեռ չի արձագանքել այդ հայտարարությանը: Ի՞նչ է Բաքուն հասկանում՝ «պատերազմի հանցագործներ» ասելով. բոլոր այն հայերին, ովքեր մասնակցել են Արցախյան ազատամարտի՞ն, այդ թվում՝ ԼՂ-ի և Հայաստանի նախկին պաշտոնյաներին, զինծառայողներին, ժամանակին Լեռնային Ղարաբաղում ապրած անձանց: Փաշինյանը և Ալիևը պասերով նույն խաղն են խաղում, երկուսն էլ քաղաքական հետապնդումների են ենթարկում հայերին:
Իսկ այժմ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդության մասին:
Դեպքերի ժամանակագրությունն ու իրադարձությունների ընթացքն ամբողջացնում են ողջ այս գործընթացի մոտիվացիոն շղթան։ Նույնիսկ ավանակին է պարզ, որ հրահանգն իջեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, ում վարկանիշն այնքան է ընկել, որ նրան, մեղմ ասած, հայհոյում է յուրաքանչյուր հայ: Միայն թե Աննա Վարդապետյանը պիտի լավ իմանա, որ արդարադատությունն անխուսափելի է, և, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, ու գալու է այն օրը, երբ անձամբ ինքը պատասխան է տալու այլոց քրեական գործերին անձամբ միջամտելու, պետական թալանը կոծկելու համար` նույն այդ քրեական արդարադատության տեսքով։ Փաշինյանի կառավարության, նրա ՔՊ-ական թիմակիցների թալանը, կոռուպցիան (ԱՆԻՖ-ի ահռելի թալանը, կորոնավիրուսի դեմ պայքարում լափած միլիոնները, ՔՊ-ականների յուրացումները, ևն), պետական միջոցների հսկայածավալ վատնումը` վառ օրինակ։
Վաղը կոճակ սեղմող ու գործընկերներին փուռը տվող պատգամավորները պիտի սպասեն, որ վաղվա պատգամավորները սեղմելու են իրենց ահռելի թալանի համար պատասխան տալու կարմիր կոճակը։