
«Մենք տարիների ընթացքում ապացուցել ենք, որ Հանրապետականներին չի կարելի սանձել կամ վերածել կառավարելի գործիքի»

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հերթական շինծու քրեական գործն են հարուցել, որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկ տարուց ավելի՝ 1 տարի 9 ամիս, գտնվում է կալանքի տակ։
ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Մարտոյանը տնային կալանքի տակ էր։
Տասնյակ կուսակցականների, երիտասարդների և համակիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, կիրառվել են տարբեր սահմանափակումներ։
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հերթական քաղաքական հաշվեհարդարի շրջանակում։
Հանրապետականների նկատմամբ իրականացվող այս քաղաքական հետապնդումը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավը վախենում են և լիովին տապալվել են բոլոր ոլորտներում և այժմ, էժանագին շոուներով, փորձում են շեղել հանրության ուշադրությունը։ Նրանց նպատակն է վերականգնել իրենց զրոյացված վարկանիշը, բայց դա այլևս անհնար է։ Ինչպես անհնար է մեզ վախեցնել կամ կոտրել։
Մենք տարիների ընթացքում ապացուցել ենք, որ Հանրապետականներին չի կարելի սանձել կամ վերածել կառավարելի գործիքի։
Մեր պայքարը եղել և մնում է անսասան, և ոչ մի քաղաքական հետապնդում չի կարող կանգնեցնել մեզ մեր ազգային արժեքների, պետականության ու ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին։
«Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է».
ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան»։