
«Գյումրիում Փաշինյանի ելույթում խուճապ կար. բունկերից դուրս չեկողը մարդկանց բունկերի կռիս է անվանում». Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր ասուլիսի ժամանակ խոսելով Գյումրիում մարտի 30-ին սպասվող ընտրությունների մասին, ասաց, որ ընտրություններին մասնակցելու է 9 կուսակցություն։
«Մեր պարագայում կուսակցություն եմ ասում, որովհետև Գյումրիում վաղուց թիմ ունենք։ Մարդիկ կան, որ առաջադրվել են ինչ-որ կուսակցության հետ այդ պահին համաձայնության գալով։
Թեև այս մասնակիցների թիվն ավելի պակաս է, քան 2016 և 2021 թվականների ընտրություններին էր, բայց այս ընտրություններն ավելի մրցակցային են, և Նիկոլ Փաշինյանի ելույթը Գյումրիում հենց դրա ապացույցն է։
Այդ ելույթում և՛ խուճապ կար, և՛ ճնշումների դիմելու հորդոր, ուղերձ կար, այսինքն՝ հենց ընտրարշավի մեկնարկին Գյումրի գնալը և նման էսկալացիայի գնալը»,- նշեց Սուրեն Սուրենյանցը։
Նա շեշտեց՝ չնայած լարվածությանը՝ Գյումրիում մրցակցությունը բավականին քաղաքակիրթ ձևով էր ընթանում, և կրքերը թեժացրեց հենց Նիկոլ Փաշինյանը։ Ավելին՝ իշխանության ձեռագիրն է մարդկանց վրա «դոսյեներ» հավաքելը՝ փորձում են ընդդիմադիր բոլոր ճամբարների նկատմամբ ինչ-որ ճնշումներ բանեցնել։
«Ամենամեծ ճնշման ուղերձը հենց Փաշինյանի ելույթում էր, նա մի տպավորություն ստեղծեց՝ իբր մի կողմում ՔՊ-ն է, մյուս կողմում՝ թալանը պաշտպանողների ցուցակներն են։ Հիմա հարց եմ տալիս, օրինակ, «Դեմոկրատական այլընտրանքի» ցուցակում էդ ո՞ւմ ես տեսել թալան պաշտպանողի, կամ ի՞նչ խնդիր ունես, ենթադրենք, Ռուբեն Մխիթարյանի հետ, էդ որտե՞ղ ես տեսել թալան։ Փորձում է 2021 թվականի մոդելը կիրառել՝ սև-սպիտակի, այս անգամ դա չի անցնելու։ Այդ ցուցակում թալանչիներ կային, 7 տարի վարչապետ ես, ո՞վ էր ձեռքդ բռնում, այդ թալանչիներին պատժեիր, ազատազրկեիր։
Կամ՝ նոյեմբերի 9-ից դու էիր դարձել բունկերի բնակիչ, հիմա ինչ-որ մարդկանց պադվալի կռիս ես անվանում։ Էս երկրում եթե մեկը կա, որ պարբերաբար բունկեր է մտնում ու բուկերից մեծախոսում է՝ դո՛ւ ես»,- ընդգծեց Սուրեն Սուրենյանցը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում