
Հայաստանում թոքի քաղցկեղի բուժման նոր մեթոդ կփորձարկվի

Հայաստանում կփորձարկվի թոքի քաղցկեղի բուժման նոր մեթոդ. նախատեսվում է փորձարկել իմունոթերապևտիկ երկու դեղորայքի՝բալստիլիմաբի և բոտենսիլիմաբի համատեղ կիրառումը, համապատասխան հետազոտություններն արդեն մեկնարկել են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար, ուռուցքաբան-քիմիոթերապևտ Սամվել Բարդախչյանը նշեց՝ Իմունոթերապիան ամբողջ աշխարհում և Հայաստանում նոր զարգացող ոլորտ է:
«Սովորաբար ուռուցքների բուժման համար օգտագործվում է քիմիոթերապիա, այն դեղորայք է, որն անմիջապես ազդում է ուռուցքային բջիջների վրա և քայքայում է դրանք: Ի տարբերություն դրանց՝ բուժման այս նոր մեթոդը՝ իմունոթերապիան, անմիջապես չի ազդում ուռուցքային բջջի վրա, բայց խթանում է մարդու իմուն համակարգը և օգնում է, որպեսզի օրգանիզմը ինքը կարողանա հայտնաբերել ուռուցքը և պայքարել դրա դեմ»,- նշեց Բարդախչյանը:
Մասնագետի խոսքով՝ իմունոթերապիան ամբողջ աշխարհում ներդրվել է 2010 -ական թվականներից և այդ հետազոտությունները շարունակում են զարգանալ: Իմունոթերապևտիկ դեղորայքն ավելի լայն կիրառություն է ստանում, ինչպես նաև փնտրվում են դրանց արդյունավետությունը բարձրացնելու նոր մեթոդներ։
«Այլ ուռուցքային հիվանդությունների բուժման համար այս դեղերն արդեն բազմաթիվ կիրառություններ ունեն։ Մի շարք կլինիկական հետազոտություններում՝ հատկապես հաստ աղիքի ուռուցքի բուժման ժամանակ ցույց են տվել շատ խոստումնալից արդյունքներ, բավականին լավ արդյունավետություն: Եվ այդ տվյալների հիման վրա էլ այդ թվում մեր հիվանդանոցում սկսվել են հետազոտություններ՝ թոքի ուռուցքների բուժման նպատակով»,- ասաց ուռուցքաբան-քիմիոթերապևտը:
Հետազոտությունը Հայաստանում սկսել են իրականացնել 2024 թվականի հունիսից, որը նախատեսվում է կատարել 45 հիվանդների շրջանում, որոնք ունեն չորրորդ փուլի թոքի քաղցկեղ և որևէ բուժում չեն ստացել:
Մասնագետն ընդգծեց՝ այս հետազոտությունը կոնկրետ ուղղված է թոքի քաղցկեղի բուժմանը, բայց նաև պլանավորում են այս դեղորայքի կիրառմամբ կլինիկական հետազոտություններ իրականացնել ուրիշ ուռուցքային հիվանդությունների համար, երբեմն նաև զուգակցվելով քիմիոթերապևտիկ բուժման հետ:
Հետազոտությունը համատեղ իրականացնում են ՀՀ ԱՆ Յոլյան Արյունաբանության և Ուռուցքաբանության կենտրոնն ու Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտը։ Հետազոտությունը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: