
«Փաշինյանն ասում է՝ առնետների նման դուրս են եկել, բայց իրենից բացի, ոչ ոք դուրս չի եկել». Արմեն Բաղդասարյան
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն այն կարծիքին է, որ ՀՀ իշխանությունները պետք է մեկընդմիշտ մոռանան, որ կարող են ժողովրդավարության բաստիոն լինելու մասին հայտարարություններով անվտանգություն ապահովել:
«Այս իշխանությունները փորձում են ներկայացնել, թե իբր ժողովրդավարության բաստիոն լինելը մեր անվտանգության երաշխիքն է, մինչդեռ դա ընդամենը փուչիկ է, պետք է հրաժարվել դրանից և անվտանգային այլ մեխանիզմների մասին մտածել՝ ձեռք բերել և ունենալ հուսալի դաշնակիցներ, երկրորդ՝ հնարավոր բոլոր միջոցներով մեծացնել մեր պաշտպանունակությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որևէ քայլ անելուց առաջ չի մտածում Հայաստանի շահերի մասին, փոխարենը՝ մտածում է՝ կկարողանա՞ արդարանալ, թե՞ ոչ, և երկրորդ՝ որքանո՞վ դա կազդի իր վարկանիշի վրա:
«Նիկոլ Փաշինյանը 2021-ին կարողացավ մարդկանց մի զգալի զանգվածի համոզել, որ ինքը գլխավոր պատասխանատուն էր, բայց գլխավոր մեղավորը չէր, իսկ մեղավորը, իրենից բացի, բոլորն էին՝ ռազմաքաղաքական ղեկավարություն, նախկիններ, Ռուսաստան, 11.000 դասալիքներ, միջազգային հանրություն: Այդ քարոզչությունը շարունակվում է, որովհետև հիմա էլ շարունակվում է պարարտ հող լինել: Ճիշտ է՝ ինքն ինքնախոստովանական ցուցմունքներ է հնչեցնում, ասում է՝ ես կարող էի հասնել այդ նույնին, բայց առանց զոհերի. Որևէ լուրջ երկրում երկրի ղեկավարին այդ խոսքերից հետո ձեռնաշղթաներ կհագցնեին, կտանեին, բայց կարծես թե ամեն ինչ նորմալ է, շարունակվում է նույնը:
Գյումրիում ընտրություններ պետք է լինեն, նույն բաները շարունակվում են: Մարդկանց ասում է՝ մոռացեք Ղարաբաղ, տարածք, բան, կարևորը, որ էն մարդիկ, որ թույլ չեն տվել՝ դուք կուշտ փորով հաց ուտեք, նրանց մերժեք: Այդ քարոզչությունը դեռ աշխատում է: Մարտի 30-ին կերևա՝ քանի տոկոսն է համարում, որ կարևորը կուշտ փորով հաց ուտելն է, ոչ թե պետությունը, պետական շահերը: ՔՊ-ն քանի տոկոս ստացավ՝ ուղիղ այդքան տոկոսի համար կարևորը ստամոքսն է, ուտելն է:
Ես հեռու եմ այն մտքից, որ այդ ընտրությունների արդյունքները լինելու են արդար, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է, արդեն օրենքի խախտում է. Քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց Նիկոլ Փաշինյանն ակնհայտ քարոզարշավ է անում: Նա չի կարող ասել՝ հենց այնպես, աշխատանքային այցով մեկնեցի Գյումրի, որովհետև եթե այդպես էր, ինչո՞ւ էր իր ելույթի մեծ մասը հենց դրա մասին: Չէ՞ որ ասում էր՝ այ, հիմա առնետների նման իրենց նկուղներից դուրս են եկել քարոզարշավի. Այնտեղ իրենից բացի, որևէ մեկը քարոզարշավի դուրս չի եկել, որովհետև քարոզարշավն ամսի 15-ին է սկսվում, և եթե որևէ մեկը դուրս գար, իրենք հաստատ թևերը կոլորեին, կտանեին»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում