Ռուբեն Վարդանյանն ուղերձում հորդորում էր՝ մի՛ հապաղեք, գործեք, սա նաև ուղղված էր ՀՀ իշխանությանը. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ապօրինի պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ էր փոխանցել հայ ժողովրդին։

Նա գոտեպնդել է բոլորին՝ ասելով, որ «Լյոխ լավ է լինելու», շեշտելով՝ իրավիճակը կհաղթահարեն բոլորով միասին։

«Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ: Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Այս պահին Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանի հետ միասին ապօրինի պահվում են Արցախի նախկին 3 նախագահները, արտգործնախարարը, ԱԺ նախագահը, ՊԲ նախկին հրամանատարը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալը։

Կարդացեք նաև

Խոսելով Ռուբեն Վարդանյանի աուդիոուղերձի մեսիջների և հայ ազգի անելիքների մասին, Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց՝ համաձայն չէ երեկ սոցիալական ցանցերում հայտնված բազմաթիվ գրառումների հետ, թե Ռուբեն Վարդանյանի ուղերձը հրաժեշտի ուղերձ է։

Նա Ռ. Վարդանյանի ուղերձից տպավորություն է ստացել, որ նա հեռակա ժողովրդի հետ քննարկում է անում ու հերթական որոշումը պետք է ընդունի։

«Այդ ուղերձում կարմիր թելով գնում էր արժանապատվություն, տղամարդկության դրսևորում, որոշում կայացնելու ունակությունները։ Այս մասին երեկ նա կրկին հիշեցնում էր, հորդորում, խնդրում է հասարակությանը, ասում, որ՝ անկախ մեր քաղաքական հայացքներից, ցանկություններից, պետք է կարողանանք միասնական լինել։ Արցախում դա Ռուբեն Վարդանյանին հաջողվում էր, երբ նա մի սեղանի շուրջ նստեցնում էր հակառակ ճակատներում գտնվող շատ քաղաքական միավորների ներկայացուցիչների, անհատների։ Նա կարողանում էր այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ կարողանում էինք քննարկումներ անել ու որոշումներ կայացնել։ Հուսամ, մարդիկ ընկալել են այն հորդորները, որոնք պարունակում էր Ռուբեն Վարդանյանի ուղերձը»,- 168.am հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա շեշտեց՝ եթե հայ ազգը չընկալի ու չընդունի այդ ուղերձը, անխուսափելի է լինելու բոլորի կործանումը։

«Ռուբեն Վարդանյանի ուղերձը նաև սրան էր վերաբերում. այն ծանրագույն տեղում, որտեղ նա է գտնվում, հորդորում էր՝ մի՛ հապաղեք, գործեք, սա նաև ուղղված էր ՀՀ իշխանությանը, որոնք ասում են, թե գերիների հարցը չեն բարձրաձայնում, որպեսզի չվնասեն, իսկ Ռուբեն Վարդանյանն ասում է՝ պետք է գործեք»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորը նաև նկատեց՝ ուղերձում հստակ էր այն, որ Ռուբեն Վարդանյանն ասում էր՝ կորցնելու բան այլևս չունի, բայց շարունակում է մնալ տոկուն, պայքարում է և գիտակցում իր առաքելությունը։

«Կարևոր է, որպեսզի մենք բոլորս հասկանանք մեր առջև ծառացած խնդրի վտանգավորությունը և հասկանանք, որ նպատակը պետք է լինի մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելը, հակառակ պարագայում մենք ձախողվելու ենք անվերադարձ։ Իմ հայրենակիցների հայրենիք վերադառնալու և արցախահայերի Արցախ վերադառնալու իրավունքը հավասար է ինձ համար։ Երկուսն էլ ինձ համար կարևոր են»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս