Մարդիկ սկզբից իրենց ոտքին են կրակում, որ հետ չկանգնեն իրենց ասածից. բանակցող է պետք. Արթուր Մարտիրոսյան

Նախորդ կիրակի «Դասեր» հաղորդաշարում բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն էին։

Որպես բանակցային գործի մասնագետ՝ Արթուր Մարտիրոսյանը կարծում է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է մի կողմ դնել բոլոր քաղաքական տարաձայնությունները, նույնիսկ կարող են նախնական պայմանավորվածություն ձեռք բերել շատ կարևոր հարցերի մասին։

«Իրար դեմ խոսելուց միայն իշխանությունն է շահում՝ ցույց տալով, որ իրեն այլընտրանք չկա։ Ընդդիմությունը պետք է ցույց տա, որ ինքը կարողանում է բանակցել, գալ կոնսենսուսի։ Ես դա անհնար չեմ համարում։ Դրանից հետո կարող են մոբիլիզացնել հանրությանը, որ Փաշինյանը տեսնի՝ իրեն ոչ ոք չի հանդուրժում։

Կարդացեք նաև

Դիվանագիտությունը հենց սա է. եթե դու ունես «կանալներ», դրանք պետք է օգտագործես: Ինձ համար խնդիրը, որպես բանակցող, հետևյալն է: Մինչև մենք երկրի ներսում չկարողանանք բանակցել ու ստեղծել բավարար կոնսենսուս, որ մենք բոլորս նույն նպատակն ունենք, մինչև մի կողմ չդնենք բոլոր ներքաղաքական տարաձայնությունները, որոնք կարող են անգամ շատ խորը լինել, ոչինչ չի ստացվի: Հասուն քաղաքական մշակույթ կրող անձինք պիտի կարողանան պայմանավորվել, անգամ նախնական որոշել՝ ինչ են անելու մի քանի կարևոր կետերի շուրջ, երբ հասնեն իրենց նպատակին: Բայց եթե թույլ տան անել այն, ինչ տեղի է ունենում հիմա ընդդիմության ներսում՝ սուր բախումներ (լարվածություն, բախումներ ընդդիմության տարբեր թևերի միջև,- հեղ.), դա հենց այս իշխանությունների ցանկությունը և ծրագիրն է: Հենց դա էլ ուզում են, որ մարդիկ ասեն՝ «այլընտրանք չկա, էս մարդը մի ձև խաղաղությունը պահում է»: Սա է նարատիվը: Այն դեպքում, երբ Փաշինյանի ասածը խաղաղություն չէ, կեղծ խաղաղության թեզ է: Դրա համար Ալիևի հետ էլ պայմանավորվում է, որ գոնե թվացող խաղաղությունը լինի: Այս նարատիվը պետք է փոխվի:

Ընդդիմությունը պետք է ցույց տա, որ կարողանում է ինքն իր ներսում բանակցել, գալ կոնսենսուսի, և դա անհնարին չէ: Դրանից հետո նոր պետք է մոբիլիզացնել ողջ հանրությանը, որ ինքն էլ տեսնի՝ իրեն չեն հանդուրժում: Դա անելուց հետո այս իշխանությունն ուզում է՝ Սահմանադրություն փոխի, ինչ ուզում է անի, ընտրություններով չի՛ վերընտրվելու»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ մոտավորապես այսպիսի վիճակ էր 1996թ., երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ն պատկերացնում էր, որ իրենց ամենակարևոր առավելությունն այն է, որ ընդդիմությունը երբեք չի կարողանա ընտրություններում համախմբվել:

«Տեսանք, որ ընդդիմությունը միավորվեց մի հարցի շուրջ: Ես մի փոքր զբաղվում էի այդ հարցերով և հիշում եմ, որ Վազգեն Մանուկյանի և ընդդիմության մյուս թևերի միջև շատ մեծ տարաձայնություններ կային, բայց իրենք դա հաղթահարեցին, գտան պայմանավորվելու ձևը: Պետք է ցանկություն լինի: Ընդդիմության բոլոր առաջնորդները պետք է ցանկանան միավորվել:

Ես գիտեմ՝ քաղաքական մշակույթ ունեցող երկրներում ինչպես է լինում: Գերմանիայում ընտրությունները դեռ չէին ավարտվել, շամպայնը դեռ չէին բացել, սկսվեցին բանակցությունները, որովհետև բոլորը գիտեին՝ կոալիցիա է կազմվելու: Բանակցությունների հաջողված փորձ կա Ավստրիայում, որտեղ ընդդիմությունը միավորվեց ու հեռացրեց մեծամասնություն հավաքած աջ ծայրահեղականներին:

Պետք է բանակցող լինի ընդդիմության հիմնական դերակատարների միջև: Բանակցողը պետք է լինի մարդ, որին ոչ մի կողմ չի կարող ասել՝ մեզ համար ընդունելի չէ: Բերեք պրոֆեսիոնալ մասնագետ, որը կարող է, օրինակ, դրսից լինել»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Թևան Պողոսյանն էլ նշեց՝ բանակցողը երբեք որևէ ակնկալիք չպետք է ունենա:

«Երբ բանակցողը նստում է բանակցային սեղանի շուրջ ու հետո ակնկալում է, որ պետք է դառնա վարչապետ, փոխվարչապետ կամ մեկ այլ բան, չի աշխատելու: Նա պետք է ապահովի միայն ընթացքը»,- ասաց նա:

«Երբ առհասարակ ես բանակցում եմ որևէ հարցով, զբաղվում եմ միջնորդությամբ, շատ հասարակ հարցից եմ սկսում: Առանձին-առանձին բանակցում եմ ու հարց եմ տալիս՝ ի՞նչ 3 բան պետք է անի մյուս կողմը, որ դուք մի կողմ դնեք ձեր ամբիցիաները, տարաձայնությունները: Նույն հարցը մյուս կողմին եմ տալիս:  Պետք է աշխատել, և այդ դեպքում ամեն ինչ հնարավոր կլինի»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս