
«Գիրք նվիրելու օրվա» միջոցառումների կազմակերպումն այս տարի ևս վստահվել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին, այս անգամ՝ 55 միլիոն դրամով

Երևանի քաղաքապետարանը էլեկտրոնային գնումների համակարգում օրերս հանրայնացրել է պայմանագիր, որից տեղեկանում ենք՝ Գիրք նվիրելու օրվան նվիրված մշակութային միջոցառման կազմակերպման ծառայությունների համար մեկ անձ գնման ընթացակարգով պայմանագիր է կնքվել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։
Պայմանագրի գինը շուրջ 55 միլիոն դրամ է (54 մլն 991.200 դրամ), որի շրջանակում ընկերությունը մարտի 1-ին և 2-ին իրականացրել է մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ դեկորացիաների տեղադրում, պատրաստում, թվով 17 վրանների, սեղանների վարձակալություն, թվով 3 գրապահարանների, սեղանների և արկղերի պատրաստում, 28 պահարանների պատրաստում, գրքերի ձեռքբերում, բեմահարթակի սպասարկում ու տեխնիկական այլ ծառայություններ, ապա նաև՝ մարտի 2-ին առնվազն 30 րոպե տևողությամբ համերգի կազմակերպում՝ «Լավ էլի»-ի, Ռաֆայել Պետրոսյանի, Սոնա Գյուլխասյանի, «Ջազ քննեքշն»-ի, «Նեմրա»-ի մասնակցությամբ։
Ի դեպ, «Ֆակտորի Փրոդաշքն» ՍՊԸ-ն Գիրք նվիրելու օրվան նվիրված մշակութային միջոցառման կազմակերպման ծառայությունների համար մատակարար է ընտրվել նաև 2024 և 2023 թվականներին՝ 54 միլիոն 538 800 դրամ և 35 միլիոն դրամ արժողությամբ գնման պայմանագրեր կնքելով քաղաքապետարանի հետ։
168.am-ը տարբեր հրապարակումներով անդրադարձել է 2017թ. գրանցված և 2018 թվականի օգոստոսից պետգնումներում ակտիվացած «Ֆակտորի Փրոդաքշն»-ի ակտիվությանը, նշել, որ պետական գերատեսչություններն այս մատակարարի հետ տասնյակ պայմանագրեր են կնքել հիմնականում ոչ մրցակցային՝ մեկ անձ ընթացակարգով։ Հիմնական պատվիրատուներն են եղել վարչապետի աշխատակազմը, Արտաքին գործերի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը։
Նշենք, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017թ. հունիսի 29-ին։ Հիմնադիրներն են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը: 2021թ․ նոյեմբեր ամսից ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին:
Ռուդիկ Տեր-Գալստյանի ու Վազգեն Պողոսյանի ընկերության, «Շարմ հոլդինգ»-ի հետ նրանց սերտ կապերի մասին ժամանակին բազմիցս է գրվել մամուլում, նրանք նաև գործընկերներ էին, երբ աշխատում էին Հանրային Հեռուստաընկերությունում: Ռուդիկ Տեր-Գալստյանը համատեղության կարգով նաև Վազգեն Պողոսյանի համակուրսեցին ու սանիկն է։
2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, Պողոսյանն ազատվել էր աշխատանքից: Այժմ նա հանդիսանում է միայն Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենը:
Երևանի քաղաքապետարանը ավելի վաղ նշել էր՝ մարտի 1-ին և 2-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։