Օնլայն խաղեր կազմակերպող ընկերություններին ավելի շատ հարկելու վերաբերյալ նախագիծն ընդունվեց ամբողջությամբ

Oնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը երկու անգամ կավելանան: Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» աղմկահարույց օրինագիծը։

Մինչև քվերակությունը պատգամավորն իր ելույթի ժամանակ ասաց, որ օրենքի ընդունմամբ պետությունը տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ կունենա։

«Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն ամեն տարի բարձրանա, և այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը: Օպերատորի միջոցով մենք սահմանափակելու ենք մեր հայրենակիցների՝ կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի և պետական ծառայողների դեպքում ընդհանրապես արգելելու ենք այն»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում, նաև Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի թվի պատճառը խաղամոլությունն է: Ըստ Սարգսյանի՝ դրանից անմասն չէ նաև բանակը:

«2024-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել: Ազատվելով խաղամոլությունից՝ կերջանկացնեք ոչ միայն ձեր, այլև ձեր ծնողների, երեխաների և ամուսինների կյանքը, նաև կհզորացնեք մեր պետությունը»,- հավելեց նա։

Հայկ Սարգսյանը նշեց նաև, որ նախորդ տարի օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ: Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, ՀՆԱ-ն կաճեր 10-15 տոկոսով, պետական եկամուտները՝ 7,34 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս