«Կոչ. բացի նախընտրական քարոզարշավը, պետք է ընտրությունների օրը մեծ ուշադրություն դարձնել վերահսկողության վրա». Արամ Նավասարդյան

Մարտի 30-ին Գյումրիում սպասվում են ավագանու արտահերթ ընտրություններ, որին մասնակցելու համար այս պահին հայտնի են արդեն մի քանի թեկնածուներ։

Թե ի՞նչ ընտրություններ տեղի կունենա Գյումրիում, կամ դրանք ինչպիսի՞ մթնոլորտում կընթանան GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը չի շտապում կարծիք հայտնել։ Նրա խոսքով՝ պատկերն ավելի պարզ կդառնա, երբ վերջնական հայտնի կլինեն մասնակցող քաղաքական ուժերն ու նրանց թեկնածուները։

«Վերջնական ցուցակը հրապարակելուց հետո արդեն կարող ենք որոշակի դիտարկումներ անել, հատկապես այդ ուժերի ծրագրին ծանոթանալուց հետո։ Հիմա իրավիճակը «հում» է, ավելի ուշ պատկերը պարզ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Նավասարդյանը։

Այս ամենից զատ, Արամ Նավասարդյանը կոչ արեց ընդդիմադիր քաղաքական ուժերին.

Կարդացեք նաև

«Բացի նախընտրական քարոզարշավը, ընտրությունների օրը մեծ ուշադրություն դարձնել վերահսկողության վրա, որպեսզի ունենան բավական քանակով վստահված անձինք՝ հնարավոր կեղծիքները, խոչընդոտներն արձանագրեն ու հետագայում բողոքարկեն»։

Անդրադառնալով 2021 թվականի հունիսի ընտրություններին, նա ասաց, որ դա ամենաթույլ կետն էր ընդդիմության մոտ, որը թույլ չտվեց բավարար չափով արձանագրել  ընտրակեղծիքներն ու խախտումները, որպեսզի հետագայում բողոքարկեին։

«Կարծում եմ՝ սա շատ կարևոր կետ է, որի վրա հենց այսօրվանից պետք է մեծ ուշադրություն դարձնեն ընդդիմադիր ուժերը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա կրկին հիշեցրեց 2021 թվականի ընտրությունները՝ շեշտելով, որ առնվազն մի քանի տեսանյութեր կան, երբ զինվորականներին ուղղորդում էին, կամ ստեղծում տարբեր խոչընդոտներ՝ նաև հաշվարկների ժամանակ։

«Այդ ընտրությունների ժամանակ հիշում եք, որ հաշվարկի ժամանակ ընտրատեղամասերի մոտ 40 տոկոսը հոսանքազրկվեց։ Հիմա ոչ մեկս չգիտենք, թե հստակ ինչ է տեղի ունեցել, ու մինչև հիմա չի բացահայտվել, թե, օրինակ, այս հոսանքազրկումն ինչպես զուգադիպեց հաշվարկի ընթացքի հետ։ Սրան պետք է պատասխանեն և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը։

Եթե չեմ սխալվում, հստակ պահանջ էլ չի եղել, թե ինչպես եղավ, որ ընտրատեղամասերը հոսանքազրկվեցին։ Կարծում եմ՝ սա քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի, որպեսզի վերահսկեն իրենց տված ձայները, թույլ չտան ընտրակեղծիքներ»,- ընդգծեց Արամ Նավասարդյանը։

Տեսանյութեր

Լրահոս