Էրդողանի և Ալիևի պահանջով սահմանադրություն են փոխում, բոլոր նախկին բարձրաստիճան պաշտոնյաները պիտի խոսեն․ Մերուժան Տեր-Գուլանյան

Ազգովի փնտրում ենք նոր առաջնորդի, ու այդպիսիք կան։ Միշտ էլ եղել են այնպիսի մարդիկ, որոնք այս իրավիճակների մեջ չեն փչացել, պահել են իրենց, զուգսը չեն փոխել։ Բազմաթիվ մարդիկ կան, որոնք փնտրում են առաջնորդի, վիճում՝ ով և ինչպես պետք է կառավարի։ Այդ մարդը պիտի ասի, որ ինքն է գալու, ինչո՞ւ է վախենում։ Հազար ափսոս, որ Սրբազանի հրաշալի երթը փլվեց։ Սրբազանի նպատակը վարչապետ դառնալը չէր, դա բոլորը գիտեն, այլ ընդամենը նոր իշխանություն և նոր վարչապետ հաստատելն էր։ Նա ազնիվ մարդ է։ Կամ, օրինակ, Արթուր Վանեցյանը, ի տարբերություն մեր օլիգարխների, բազմաթիվ գրողների գրքեր է ֆինանսավորել, որ այդ հեղինակները տպագրվեն։ Նա մտածող ու մտահոգ մարդ է, նա ոչ պապ է սպանել, ոչ տերտեր, պետական բյուջեով չի հարստացել։ Նա առաջինն էր, որ հրաժարական տվեց ու հորդորեց կանգ առնել։ Ափսոս, որ նա այսօր ակտիվ չէ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

«Սրբազանի երթի ընթացքում հրապարակում ովքե՞ր էին նրա կողքին։ Ցանկալի կլիներ, որ նրա կողքին լինեին Արթուր Վանեցյանը, Արման Թաթոյանը, Աբրահամ Գասպարյանը, Արթուր Ղազինյանը։ Նրանք արժանապատվություն ունեն և առայսօր իրենց արժանապատվորեն են պահել, բայց ոմանք չկային Սրբազանի կողքին։ Մարդիկ կան, որոնք իրենց հոգևոր և ազգային սահմանադրությունը, ողնաշարը ձիգ պահեցին, պահպանեցին իրենց՝ հանուն հայրենիքի։ Նման մարդիկ են մեզ պետք այսօր։ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս տվեց, հետաքրքիր էր նրան լսելը։ Առաջարկվում է Սահմանադրություն փոխել, իսկ դա մի երրորդական կարգի օրենք չէ, որ որոշես ու փոխես։ Ցանկալի կլիներ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մամուլի ասուլիս տար Սահմանադրությունը փոխելու թեմայով։ Սահմանադրության հեղինակն ու հայրն ինքն է»,- ասաց հրապարակախոսը:

«Ցանկալի կլիներ, որ Սերժ Սարգսյանը ևս մամուլի ասուլիս հրավիրեր։ Նա այդ սահմանադրությամբ է աշխատել որպես նախագահ, դրանից առաջ բազմաթիվ լրջագույն պաշտոններ է վարել, ու լավ է վարել։ ՀՅԴ-ն ևս պետք է մամուլի ասուլիս հրավիրի Սահմանադրության փոփոխման թեմայով։ Սա ոչ թե հեռուստատեսային ելույթի կամ հոդվածի նյութ է, այլ խոսելու և պատասխանատվություն ստանձնելու թեմա։ Փոխվում է սահմանադրությունը, սա լրջագույն հարց է։ Ինչո՞ւ է այն փոխվում, ի՞նչ կարիք կա այն փոխելու։ Ենթադրվում է, որ Ալիևի ու Էրդողանի պահանջով է դա արվելու։ Մամուլի ասուլիս կարող է հրավիրել Արթուր Վանեցյանը՝ որպես կուսակցության ղեկավար։ Բոլոր այն անձինք, որոնք այդ սահմանադրությամբ պաշտոն են վարել, պիտի խոսեն, դա իրենց համար սովորական թղթի կտոր չէ»,- նշեց Տեր-Գուլանյանը:

Հասարակական գործչի կարծիքով՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս պիտի խոսի այս թեմայով. «Ափսոս է, որ նրա ձայնը չի լսվում։ Նա հետաքրքիր մտածող և խելոք մարդ է։ Նախընտրական շրջանում նա լավ էր խոսում։ Մամուլի ասուլիս պիտի տա նաև հին սահմանադրությամբ ԱԺ նախագահ և վարչապետ աշխատած Հովիկ Աբրահամյանը։ Հրանտ Բագրատյանը ևս սահմանադրության առիթով պիտի ասուլիս հրավիրի։ Փոխարենը՝ ինչ-որ տղա էր խոսում դրոշի գույների մասին, ասում է՝ ծիրանագույն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, մնում է ասի՝ ո՞ր գյուղի ծիրանի գույնը։ Սա ծիծաղելի է։ Մեր երկրի առաջ ահռելի խնդիրներ կան, և ամենագլոբալներից մեկը սահմանադրության փոփոխության հարցն է»:

«Ինչո՞ւ է լռում Գագիկ Հարությունյանը, երբ սահմանադրությունը ոտնատակ տալով գնում են։ Քանի անգամ սահմանադրության վրա թքեցին և անցան, դա արեց հենց ՍԴ-ն։ Հիմա սահմանադրություն են փոխում, թող գա ու խոսի, ինչո՞ւ է լռում, ումի՞ց է վախենում, ի՞նչ վախենալու բան ունի։ Այս դառը իրավիճակում, երբ Հայաստանի շուրջ կրակ է վառվում, աշխարհում ահռելի բաներ են փոխվում, մենք ինչո՞վ ենք զբաղված։ Խելքը գլխին մի հարևան չունենք, բայց քննարկում ենք՝ ծիրանագույնի ո՞ր երանգն է ճիշտը։ Ի՞նչ կարիք կա Հայաստանի օրհներգը փոխելու։

Բանուգործ չունեն, ընկել են դրոշն ու օրհներգը փոխելու հարցով, ուրիշ գործ չկա՞։ Ժամանակին, երբ պարսիկները գողացան հայոց արքաների աճյունները, Վահան Մամիկոնյանը հետ բերեց դրանք և ամփոփեց Աղձք գյուղում։ Հայ զորավարը մեր թագավորների ոսկորները բերեց, իսկ մենք չենք կարողանում մեր կենդանի գեներալներին ու երևելի հայերին վերադարձնել»,- ամփոփեց Մերուժան Տեր-Գուլանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս