
Ազգային անվտանգության ճաշացանկ՝ երջանիկ ապուշների ռեզերվացիայի համար

Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Նույն օրը երեկոյան նա հանդես եկավ «Իրական Հայաստանի» մասին երկարաշունչ ուղերձով։
Այս իրադարձությունների համընկնումը պատահական չէր։
Փաշինյանը հասկացնում էր, որ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը պետք է համապատասխանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։ Ողջ խնդիրն այն է, սակայն, որ այս երկու հասկացությունները՝ Ազգային անվտանգության ռազմավարությունը և «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, սկզբունքորեն, հիմնարար կերպով հակասում են իրար, և մեկը չի կարող գոյություն ունենալ մյուսի առկայության դեպքում ու հակառակը։
«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն բարձրագոչ անվանումով ներկայացվող շարադրանքը պետության բովանդակային չգոյության մասին է։ Իրերն իրենց անուններով կոչելու դեպքում Փաշինյանի ներկայացրած երկարաշունչ բառակույտը պետք է վերնագրվեր «Չաղ, ուրախ, բախտավոր լինելու մասին մանիֆեստ»։
Գաղափարախոսություն հորջորջվող այդ մտավարժանքը լավագույն դեպքում ձևական ատրիբուտներով անբովանդակ պետության մասին է, որը չի ունենալու որևէ ազգային նպատակ, տեսլական, իրական պետական շահ (այդպիսին է հռչակվել տնտեսական զարգացումը), իր սահմաններից դուրս որևէ հետաքրքրություն, ինքնություն ու արժանապատվություն, դրանք պաշտպանելու ցանկություն և իր քաղաքացիներին ապահովելու է «առավոտյան սուրճ խմելու, աշխատանքի գնալու ու տարին մեկ անգամ հանգստի մեկնելու» եդեմական հնարավորությամբ։
Չունենալով թվարկածներից որևէ մեկը, այն որևէ վտանգ չի ներկայացնելու ո՛չ մոտիկ, ո՛չ հեռու այլ պետություններին, եթե նրանք չվտանգեն «երջանիկ ապուշների» ռեզերվացիայի վերածվող երկրի քաղաքացիների առավոտյան սուրճի ու օգոստոսյան արևայրուքի երանելի իրավունքը։ Հարևան ու ոչ հարևան որևէ երկիր վստահաբար այդպիսի վտանգ չի ներկայացնելու, որովհետև առանց հայկականության Հայաստան ստանալով՝ լուծված է համարելու հայկական գործոնի վերացման սեփական նպատակը։
Այսպիսով, «Իրական Հայաստանը» չի ունենալու ո՛չ ազգային շահ, ո՛չ իրեն սպառնացող անվտանգության խնդիր, ո՛չ էլ դրանցից բխող մարտահրավերները հաղթահարելու ռազմավարության կարիք։
Նիկոլ Փաշինյանն ահա, առավոտյան որոշում է ստորագրում Ազգային անվտանգության ռազմավարություն մշակելու հանձնաժողով ստեղծելու մասին, իսկ երեկոյան հայտարարում է, որ մտադիր է վերացնել այն, ինչի համար որևէ պետություն ազգային անվտանգության ռազմավարություն է ունենում։
Դա մոտավորապես նման կլինի այն պարագային, եթե Նիկոլ Փաշինյանն առավոտյան խորհրդարանում կառավարության գործունեության հնգամյա ծրագիր ներկայացնի, իսկ երեկոյան՝ հայտարարի վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին։ Կամ ճարտարապետը ցերեկային որոշմամբ հանձնարարի շենքի վերակառուցման նախագիծ մշակել, իսկ երեկոյան հայտարարի շենքը հիմնահատակ քանդելու մասին։
Պարզ է, որ Փաշինյանը գիտակցում է իր քայլերի այս հակասականությունը և «Իրական Հայաստանի» գաղափարախոսության իր՝ ներքին կամ այլոց՝ արտաքին մտասևեռումն իրականացնելու ճանապարհին կարող էր որոշում ստորագրել ընդհանրապես Ազգային անվտանգության ռազմավարություն չունենալու մասին։
Այդպես չվարվելու հնարավոր դրդապատճառներից մեկը կարող է լինել այն, որ Փաշինյանը ցանկանում է «կուշտ ուտելու» գաղափարախոսությունը ինստիտուցիոնալ կերպով ամրագրել՝ որպես Հայաստանի ու հայ ժողովրդի միակ ազգային հատկանիշ։ Հակառակ դեպքում ամեն ինչի անվանման մեջ «ազգային» բառը «պետականով» փոխող Փաշինյանն այդ որոշմամբ կվերանվաներ նաև Ազգային անվտանգության ռազմավարությունը։
Հարություն Ավետիսյան