Չկապիտալիզացրին այդ արդյունքը, քանի որ ունեին բոշայի հոգեբանություն․ Նաիրի Սարգսյան

Ռուս-ամերիկյան հարաբերություններում նոր տեղաշարժերը, արդեն կայացած ու սպասվելիք բանակցությունները նոր աշխարհաքաղաքական իրողություններ են ուրվագծում, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության ավարտի մասին։

Իսկ այս իրողությունները ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հեռանկարում են ուղիղ հատվում Հայաստանի շահերին, քանի որ 2022թ. Ուկրաինայում սկսված ռազմական հատուկ գործողությունն ու ՌԴ-ի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները մեծապես դրականորեն ազդեցին մեր տնտեսության վրա։

168am-ի հետ զրույցում ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի տնտեսության հեռանկարներին է անդրադարձել տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

«Վերջին տարիներին ՀՀ տնտեսական կառուցվածքը, աճը հիմնականում ապահովում են վերարտահանումները։ Իսկ կառավարության ու իշխանամերձ շրջանակների փորձագետները, քանի որ ունեին բոշայի հոգեբանություն, ասում էին՝ քանի կարող ենք՝ օգտվենք, հետագայում կմտածենք՝ ինչ անենք, չկապիտալիզացրին այդ արդյունքը,- նշեց տնտեսագետը՝ մանրամասնելով,- Օրինակ, չօգտվեցին ռելոկացիայի առումով․ որևէ կայուն բիզնես չտեղափոխվեց Հայաստան, չկարողացան տեղական արտադրանքը զարգացնել՝ զբաղեցնելով բացված շուկաների տեղը, անգամ Հայաստանը խոչընդոտեց միջնորդի դերի զարգացմանը՝ խստացնելով երկակի նշանակության ապրանքների ցանկը։

Կարդացեք նաև

Իսկ ռուս-ամերիկյան մեկնարկած բանակցություններից արդեն ակնհայտ է դառնում, որ նրանք կսկսեն միմյանց հետ ուղիղ աշխատել, և, բնականաբար, Հայաստանը միջնորդի դերից դուրս կգա։ Սրան, իհարկե, կհաջորդի տնտեսական անկումը, ու մեզ պետք են լինելու երկար տարիներ ու ջանքեր՝ նույն տեմպերին հասնելու համար»։

Նաիրի Սարգսյանը տնտեսական տեսանկյունից միակ սփոփիչ դրվագը համարում է Եվրոպայի վստահեցումը, թե իրենք անգամ ռուս-ամերիկյան ուղիղ փոխգործակցության պարագայում մտադիր չեն սանկցիաները վերացնել։

«Չնայած այդ հայտարարություններին ես անլուրջ եմ վերաբերվում, որովհետև շատ հարցերում Եվրոպան ինքը չէ որոշում կայացնողը։ Բայց եթե այդ սցենարով զարգանա, Հայաստանը Եվրոպա-Ռուսաստան հարաբերություններում որոշակիորեն կպահպանի միջնորդի դերը՝ երկարաձգելով տնտեսական «խռխռոցի» ժամանակահատվածը»,- ասաց նա։

Ըստ նրա, սակայն, տնտեսական անկումն անխուսափելի է, ինչի մասին վկայում են նաև տարբեր ցուցանիշներ։

«Մենք ունեցել ենք տուրիստական ներհոսքի կրճատում, կա տրանսֆերտների էական կրճատում (հայտարարագրման համակարգի ներդրմամբ՝ ականատես կդառնանք առավել մեծ կրճատման), ռուս-ամերիկյան հարաբերության կարգավորմամբ՝ մենք նաև կկորցնենք վերարտահանման գործոնը»,- շեշտեց տնտեսագետը՝ վերարձանագրելով, որ ՀՀ տնտեսական առաջընթացը վերջին տարիներին ապահովել են վերարտահանումը, տուրիստական այցելություններն ու ՌԴ-ից ՀՀ փոխանցվող տրանսֆերտները։

Տեսանյութեր

Լրահոս